Ֆրանսիայի ապտակը Լավրովին․ ՄԽ համանախագահը Երեւան է ժամանել

Երեւանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյը, ով հանդիպումներ է ունենում ՀՀ ղեկավարության հետ։ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների ֆոնին, թե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեղարկում են Մինսկի խմբի աշխատանքները, այս այցն առանձնահատուկ ուշադրություն է գրավում։

Լավրովը որպես փաստարկ հայտարարել էր, թե ՄԽ-ում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են շփվել Ռուսաստանի հետ, դրանով հարվածի տակ դնելով հայկական շահերը։ Թե ինչ է ՄԽ դերի ու հայկական շահերի տակ ասելով հասկանում Լավրովը, հայտնի է Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումներից՝ «Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, ՄԽ-ն պետք է զբաղվի բացառապես հումանիտար խնդիրներով»։

Մոսկվան Մինսկի խմբին առաջարկում էր կամ լեգիտիմացնել նոյեմբերի 9-ի ոճրագործությունը, կամ հեռանալ, Մոսկվայի այս թեզերը պարբերաբար կրկնում էին Բաքվի վարչակազմի ներկայացուցիչները։ Բաքուն չէր կարող Մինսկի խմբին դեմ գնալ, եթե չունենար խմբի անդամներից մեկի, տվյալ պարագայում Ռուսաստանի աջակցությունն ու երաշխիքները։

Մոսկվան ՄԽ-ին մեղադրում էր նաեւ այն բանում, որ համանախագահները չեն ժամանում տարածաշրջան։ Այնինչ, համանախագահների առայժմ միակ այցը տեղի ունեցավ առանց ռուս համանախագահի, որը հրաժարվել էր մասնակցել զավեշտալի պատճառաբանությամբ։ Այսինքն, ՄԽ աշխատանքները խոչընդոտվել են հենց ՌԴ ջանքերով։

Հայկական շահերի վերաբերյալ Լավրովի շաղակրատանքին կարելի է հարկադրել նույն Ֆրանսիայի պահվածքը՝ Ֆրանսիայի Սենատի զույգ պալատները Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ որոշում ընդունեցին, նշելով 1994-ի շփման գծին վերադառնալու անհրաժեշտությունը։ Ռուսաստանը կարո՞ղ էր միանալ այս նախաձեռնությանը, «եղբայրական հայ ժողովրդի հետ դարավոր բարեկամության ու դաշնակցության» հիմքով։

Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանը ներկայում դուրս է մղվում միջազգային կառույցներից ու ձեւաչափերից, այդ թվում՝ ՄԽ-ից։ ՌԴ-ն փորձում է մեղքը լիովին բարդել Արեւմուտքի վրա, նշելով ինչ-ինչ հանգամանքներ, որոնք եթե անգամ ընդունենք, որ ճիշտ են, այնուամենայնիվ չեն պատասխանում գլխավոր հարցին՝ ՌԴ-ն կարո՞ղ էր կանխել պատերազմն Արցախում։ Կարող էր, եւ այդ մասին նույնպես ՌԴ պաշտոնական ու կիսապաշտոնական մակարդակներով բազմիցս հայտարարվել է։

Չի կանխել, որովհետեւ Լավրովի պլանն անհնար էր իրականացնել առանց Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ արշավի, որն էլ դարձավ ՌԴ ներկայիս ձախողումների անդառնալի կետը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.