Ով է Ուկրաինայում ռուսական զորքերի նոր հրամանատարը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը, ում Պուտինը նշանակել է Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական ուժերի հրամանատար, ավելի դաժան հարձակումներ կիրականացնի խաղաղ բնակչության վրա, հայտնում է The New York Times-ը։

Սալլիվանն ասել է, որ այս գեներալը ռազմական գործողությունների այլ թատերաբեմերում, մասնավորապես Սիրիայում դաժանություն է ցուցաբերել խաղաղ բնակչության հանդեպ։ Նույնը կարող է տեղի ունենալ Ուկրաինայում։

Ըստ փորձագետների, Դվորնիկովի նշանակումը պատահական չէ։ Նա Սիրիայում ռուսական զորախմբի հրամանատարն էր եւ կիրառում էր քաղաքների, քաղաքացիական բնակչության դեմ ռմբակոծությունների մարտավարությունը, այդպիսով հրահրելով փախստականների հոսք դեպի Եվրոպա։

Ռազմական արշավի տապալումներից հետո Ռուսաստանը Ուկրաինայում անցել է նույն մարտավարությանը, եւ դրա մեծ փորձ ունեցող Դվորնիկովի նշանակումը վկայում է այդ մարտավարության սաստկացման մասին։ Ռուսական բանակը ինչպես Սիրիայում, այնպես էլ Ուկրաինայում ցույց տվեց, որ ընդունակ չէ կոնվենցիոն պատերազմի։ Ուկրաինայում քաղաքները հողին հավասարեցնելու, խաղաղ բնակչության ոչնչացման (դենացիֆիկացիայի) եւ փախստականների հոսքեր հրահրելու մտադրությունների մասին են վկայում Կրեմլին ենթակա զլմ-ներում այդ մարտավարությունը կիրառելու կոչերը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.