«3+3» ձևաչափն ամբողջովին տապալվել է։ Արցախյան կարգավորումից դուրս է մղվում ոչ միայն Ռուսաստանը, այլև Թուրքիան

Lragir.am-ը գրում է. Արցախյան երկրորդ պատերազմի հետևանով առաջացած ռուս-թուրքական աքցանը ճեղքվում է, և միացյալ Արևմուտքը մտնում է խաղի մեջ։ Այս մասին այսօր հրավիրած հանրահավաքում ասաց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը։ «Ըստ ռուս-թուրքական պլանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է փոխարիներ իրենց նախաձեռնած 3+3 ձևաչափը։ Ըստ դրա դավադիր հեղինակների՝ Հարավային Կովկասի երկրամասը պետք է փակվեր Արևմուտքի համար։ Եվ այս բոլորն ի հաշիվ հայկական շահերի։ Հայաստանը կուլ էր գնացել ռուս-թուրքական հրեշի երախին և արդեն սկսել էր ենթարկվել մարսման գործընթացին՝ օրեցօր կորցնելով իր ինքնիշխանության վերջին մնացորդները։ Հետպատերազմյան ամբողջ ընթացքում Արևմուտքը փորձում էր վերականգնել Մինսկի խմբի գործունեությունը, ինչին հաջողությամբ  դիմադրում էին ռուս-թուրք-ադրբեջանական դավադրության, ինչպես նաև հայկական 5-րդ շարասյան հայտնի մասնակիցները։ Վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո մենք ականատես եղանք Ադրբեջանի հերթական ոտնձգություններին Արցախում, այդ անգամ հենց ռուսական ուժերի վերահսկողության տարածքում, որը ինչպես և սպասելի էր, չստացավ որևէ ռուսական հակահարված և ցուցադրեց ռուսական ռազմական ուժի իր իսկ ստանձնած պարտավորությունները կատարելու անկարողությունը և ողորմելիությունը։ Ի տարբերություն դրա՝ թե Ֆրանսիայի, թե ԱՄՆ ղեկավարության կողմից հստակ պահանջ հնչեց՝ դադարեցնելու ոտնձգությունները, ինչը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ ադրբեջանական կողմի վրա։ Իսկ բառացիորեն երեկ, որպես արդյունք՝ իրար հաջորդած Բրյուսելի և Մոսկվայի հանդիպումների, փաստացի ազդարարվեց տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության մաս կազմող Միսկի խմբի մահվան լուրը, քանի որ պարզ դարձավ, որ այլևս հնարավոր չէ այն հավաքել մի սեղանի շուրջ։

Տարածաշրջանում առաջացած անվտանգության վակուումը, որը ՌԴ նահանջի և դաշնակից Հայաստանին դավաճանելու պայմաններում սկսվել էր լցվել թուրքական ռազմուժի բռնի գործողություններով, այժմ սկսվում է լցվել միացյալ Արևմուտքի ռազմաքաղաքական ներկայությամբ՝ ի դեմս Եվրամիության»,- ասաց նա։

Ըստ Չուգազսյանի՝ «այն կեղծ թեզերը, թե իբր Հայաստանը գնալու տեղ չունի, թե իբր ռուսը գնա, թուրքը մեզ կուտի, այսօր կարող է ընդունելի լինել միայն Ռուսաստանի 5-րդ շարասյան դասական ապուշների համար»։ Հորիզոնում նորից բացվում է ՀՀ՝ Արցախը ներառյալ, անկախ ապրելու օբյեկտիվ հնարավորությունը։

«Ռուսների մոտալուտ հեռացմամբ մենք կարող ենք սկսել պատմական վերամիավորումը ոչ թե թյուրքական աշխարհի, այլ քաղաքակիրթ ազգերի եվրոպական ընտանիքի հետ։ Այժմ ամենայն վստահությամբ կարող ենք արձանագրել, որ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առաջացած ռուս-թուրքական աքցանը ճեղքվում է, և միացյալ Արևմուտքը մտնում է խաղի մեջ։ «3+3» ձևաչափն ամբողջովին տապալվել է։ Արցախյան կարգավորումից դուրս է մղվում ոչ միայն Ռուսաստանը, այլև Թուրքիան։ Մինսկի խմբի փոխարեն որպես միջնորդ հայտնված ԵՄ կազմում չկա ոչ Ռուաստանը, ոչ Թուրքիան, իսկ ԵՄ թիկունքին կանգնած են Մինսկի խմբի նախկին անդամներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան»,- հավելեց նա։

Ըստ Չուգասզյանի՝ ներկայիս դարակազմիկ աշխարհաքաղաքական փոփոխությունները քանդում են նախկինում ձևավորված փակուղային տարածություններն ու ճարտարապետությունները և տեղ են բացում Հայաստանի ինիշխանության համար, ռուս-թուրքական թակարդից դուրս քաղաքակիրթ աշխարհին ինտեգրված Հայաստան ստեղծելու համար։ Մեր օրերում դա նշանակում է հասնել միջազգային խաղաղապահների հայտնվելուն Հայաստանում՝ Արցախը ներառյալ, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ կազմակերպություններից դուրս գալուն և ռուսական օկուպացիոն զորքերը Հայաստանից դուրս բերելուն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.