Հաագայի ճանապարհին․ ՌԴ ԱԳ նախարարի ողորմելի ստերը չեն քողարկի Հայաստանի դեմ ոճիրը

Lragir.am-ը գրում է.  Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները մատնում են աշխարհում երբեմնի հեղինակավոր դիվանագետի ներկայիս ողորմելի վիճակը։ Մյուս կողմից, Ռուսաստանը ներկայում պայմանական կարելի է անվանել պետություն, եւ նրա ձախողումը որպես լեգալ պետություն անդառնալի դարձավ Հայաստանի դեմ Լավրովի անվամբ ռուսական պլանի իրագործմամբ

Այդ պլանը կարող էր իրագործվել միայն պատերազմով, հայերի երաշխավորված պարտությամբ եւ Արցախում ռուսական զորքի տեղակայմամբ՝ Հադրութի ու Շուշիի դիմաց։ Կարեւոր էր, որ դա ներկայացվեր որպես փրկչություն, ինչը դժվար չէր մի քանի առումներով․ նախ, թուրքերը հաճույքով են մասնակցում ռուսական պլաններին, 1915-ից սկսած։ «Փրկչությունը եւ առանցքային դաշնակցությունը» հնարավոր չէ առանց պրոքսի-թուրքերի հարձակման։ Մյուսը՝ Հայաստանում գործում է ռուսանպաստ քաղաքական-մեդիա-փորձագիտական լայն ցանց, որը հիմնավորում ու քարոզում է դա, իսկ հայ հանրության մի զգալի մասը տարբեր պատճառներով ենթակա է այդ քարոզչությանը։

Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ից հետո հայտարարում էին, որ Մինսկի խումբն այլեւս անելիք չունի, Ղարաբաղյան խնդիրը լուծված է։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում էր մնալ Մինսկի խմբում՝ եռակողմ հայտարարություն կոչվող ոճիրը խմբի մանդատով լեգիտիմացնելու, ինչպես նաեւ «հումանիտար բեռը կիսելու» նպատակով։ Արեւմտյան համանախագահները մերժել են Մոսկվայի այդ առաջարկները, հայտարարելով, որ եռակողմ հայտարարությունը խնդրի կարգավորում չեն համարում։

Ուկրաինայում սկսած պատերազմի պատճառով Ռուսաստանը ներկայում մեկուսացվում է եւ վտարվում միջազգային կառույցներից։ Լավրովը երեկ հայտարարեց, թե Մինսկի խումբը չեղարկվում է մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մեղքով, որոնք «չեն ուզում մեզ հետ հարաբերվել այդ ձևաչափով։ Դա իրենց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղում և ընդհանուր Կովկասում կարգավորումը, եթե նրանք տվյալ դեպքում պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, դա իրենց ընտրությունն է»։

Հայերի շահերի հիշատակումը կրկին «փրկչական օպերայից» է։ Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ արշավն (ՌԴ առաջին դեմքերի խոստովանությունն է) ու Լավրովի պլանն էլ գուցե պաշտոնապես կոչվի «հայամետ բարեգործական ակցիա», թեեւ ըստ էության Մոսկվան ու ՀՀ ռուսանպաստ շրջանակներն այդպես էլ ներկայացնում են։

Ուկրաինայում ռուսական «փրկչական օպերացիայի» ձախողումը եւ Արցախում եռակողմ հայտարարության խախտումը, որի մեղքը Լավրովը դրեց հայկական կողմի վրա, վկայում են Կովկասից Ռուսաստանի հեռանալն ապահովող Լավրովյան 5-ամյա ծրագրի արագացումը, Կովկասում Արեւմուտքի ներկայությունը բացառելու համար այն թուրքերին հանձնելու եւ նրանց ողորմածությամբ որպես Ռուսաստան գոյատեւելու հույսով։ Հայաստանում քարոզվող «կամ Ռուսաստան, կամ Թուրքիա» ընտրությունը իրականում «Ռուսաստան եւ Թուրքիա» է․ վկա՝ հայերի հայրենազրկման ու ցեղասպանության ռուս-թուրքական համատեղ հարյուրամյա իրողությունը։

Լավրովի երեկվա ասուլիսը նպատակ ուներ պահել ռուսական փրկչական կերպարը՝ հայերի դեմ վերջին հարվածից առաջ, եւ երաշխիքներ տալ թուրքերին, որ պլանը իրագործվում է անշեղ։ Հայաստանի ռուսանպաստ կառավարությունն ու խորհրդարանի «ընդդիմությունը» սպասարկում են այս ընթացքը՝ խուսափելով կարեւոր նախաձեռնություններից ու որոշումների ընդունումից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.