Ծնվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Շուլի Հակոբյանի որդին՝ Արմենը

Ծնվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Շուլի Հակոբյանի որդին՝ Արմենը։

«Մեր զինվորը ծնվեց; Բարով ես ծնվել, տղե՛ս։ Արմեն Շուլիի Հակոբյան»,-գրել է նա իր էջում։

Շուլի Հակոբյան Արցախի Պաշտպանության Բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի ավագ սերժանտ, Հայաստանի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակի հաղթող։ Մասնակցել է արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններին, հայտնի նաև որպես Քառօրյա պատերազմ։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։

Ապրիլի 2

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Շուլին եղել է մարտկոցի հերթապահ և գիշերը 4։00 – 5։00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է հրաման զորքին տագնապով արթնացնելու և տարհանելու վերաբերյալ։ Շուլին կատարում է հրամանը, ապա զորքը տեղափոխվում է թաքստոց։ Սկզբում զինվորներին թվում է, որ դա հերթական ուսումնական տագնապներից է։

Ժամը 06։30-ի մոտակայքում առաջին արկն է ընկնում Մատաղիսի հէկ-ի վրա և զինվորները հասկանում են, որ մարտական գործողություններ են սկսվել, սակայն դրանց ծավալի մասին պատկերացում անգամ չունեին։

Ապրիլի 2-ի առավոտյան թաքստոցում Շուլին ու իր զինակից ընկերները սպասում են, որ հրետակոծությունը դադարի, սակայն հասկանում են, որ այն ոչ միայն դադարելու որևէ միտք չունի, այլև ավելի ինտենսիվ է դառնում։ Ստորաբաժանումները ստանում են մարտական հրաման՝ «տագնապով բարձրանալ մարտական դիրքեր»։

Հակատանկային մարտկոցի (թվով 22 զինծառայող) կազմում Շուլին բարձրանում է Թալիշ գյուղ։ Նրանք գյուղ են հասնում ինտենսիվ և անկայուն հրետակոծության պայմաններում։ Թալիշ էին ժամանել նաև հատուկ նշանակության ջոկատները։ Շուլին և իր ծառայակից ընկերները հասկանում են, որ ադրբեջանական կողմն անցել է լայնածավալ հարձակման։

Շուտով նրանք ստանում են մարտական հրաման՝ «բարձրանալ Թալիշ գյուղի բարձունքները, դիրքավորվել ֆագոտով և դիտարկում իրականացնել։

Ինտենսիվ և անկայուն հրետակոծության պայմաններում զոհերից խուսափելու համար մարտկոցի հրամանատարի հրամանով ուժերը կենտրոնանում են այլ վայրում և ստանում մարտական խնդիրներ։

Գիշերը մնում են Թալիշում, որպեսզի առավոտյան 06։00-ի դրությամբ բարձրանան բարձունքներ և զբաղեցնեն նախնական դիրքերը։

Ապրիլի 3-ին եղանակային պայմանները կտրուկ վատանում են, սկսվում է անձրև, քամի, տեսանելիությունը խիստ նվազում է, սակայն այս պայմաններում, ցեխի ու փոշու մեջ Շուլին և ընկերները ողջ օրն անցկացնում են սարի վրա՝ ժամանակ առ ժամանակ ստանալով հրաման՝ «փոխել իրենց տեղակայման դիրքերը հրետակոծության վնասներից խուսափելու համար»։

Ապրիլի 3-ի գիշերը հատուկ նշանակության ջոկատի հրամանատար մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյանը հայտնում է, որ Թալիշի մարտական դիրքեից մեկում հայկական կողմն ադրբեջանական տանկի կրակոցից երկու զոհ ունի՝ մեկը դիրքի անձնակազմից, մյուսը՝ հատուկ նշանակության ջոկատից։

Հատուկ նշանակության ջոկատը դիտարկում էր իրականացրել և պարզել ադրբեջանական կողմի տանկի գտնվելու վայրը։ Հայտնում են, որ անհրաժեշտ է հակատանկային մասնագետ, ով կխոցի հակառակորդի տանկը։

Չնայած Շուլիին 90 օր էր մնացել զորացրվելու, բայց նա ինքնակամ համաձայնում է ստանձնել այդ պատասխանատու գործը։

Շուլի Հակոբյանը մյուս հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ սերժանտ Լև Հակոբի Մարտիրոսյանը, մարտկոցի հրամանատար կապիտան Էրիկ Արկադիի Սարգսյանը և հատուկ նշանակության ջոկատի հրամանատար մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյանը մեկնում են մարտական դիրքեր։

Ապրիլի 4
Ժամանելով մարտական դիրքեր՝ Շուլին, նպատակահարմար չգտնվելով կրակել խրամատից, դուրս է գալիս խրամատից և արձակում առաջին հրթիռը։ Առաջին անհաջող փորձից հետո Շուլին արձակում է երկրորդ հրթիռը և խոցում հակառակորդի տանկը։

Դրանից հետո հակառակորդը թաքստոցից հանում է տանկերը և կրակ բացում ինչպես Շուլիի դիրքի, այնպես էլ մյուս մարտական դիրքի ուղղությամբ, որտեղ ևս առկա էր ֆագոտ հաշվարկ։

Շուլին խոցում է նաև երկրորդ տանկը։ Նրա դիրքը մշտապես գտնվում էր հակառակորդի նշանառության տակ։ 3-րդ տանկը Շուլին ոչնչացնում է շարժման ընթացքում։

Այսպիսով՝ Շուլին 08։00 – 08։30- սահմաններում 4 հրթիռով ոչնչացնում է հակառակորդի 3 T-80 տանկ։

2016 թ. հունիսի 15-ին Շուլին ստանում է ավագ սերժանտի կոչում և շարունակում ծառայությունը մարտական դիրքերում մինչև հունիսի վերջ։ 2016 թ. հուլիսի 4-ին Շուլին զորացրվում է բանակից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.