ՌԴ դեսպան Կոպիրկինը գործի է անցել․ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից

Lragir.am-ը գրում է.  Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Հայաստանում ակտիվ խորհրդակցություններ են ընթանում։ Նախ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ է գնաել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ապա ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Այնուհետև ՌԴ դեսպանի հետ են հանդիպել «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները, ովքեր վաղը պատրաստվում են հանրահավաք անցկացնել։ Վաղը Արցախի խորհրդարանը մտադիր է արտահերթ նիստ գումարել և հայտարարություն ընդունել։

Այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ իրավիճակի կտրուկ փոփոխության ֆոնին, որտեղ Ռուսաստանը կարող է հայտարարվել ռազմական հանցագործ և ցեղասպանություն իրականացնող։

Դեսպան Կոպիրկինի ակտիվությունը վկայում է, որ Ռուսաստանը Հայաստանում անցնում է ձեռքով կառավարման։ Թվում է, լավ աշխատող «մեքենան» խափանումներ է տալիս. Փառուխում տեղի ունեցածից հետո նույնիսկ ամենառուսամետ ընդդիմադիրներն են դժվարանում ինչ-որ բան ասել։ Ռուսանպաստ ընդդիմադիրներն առանց այդ էլ դժվարությամբ էին «ծածկում» ռուսներին, բայց Փառուխից հետո, երբ ռուս «խաղաղապահները» բացահայտ հանձնեցին հայկական գյուղը, ռուսներին պաշտպանելը կնշանակի դառնալ նրանց հանցակիցը։

Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. Այսօր Երեւանում 5165 շարժումը Արցախի Հանրապետությունը ճանաչելու պահանջագիր է հանձնել Հայաստանի խորհրդարանին։ Ազգային ժողովրդավարական ​​բևեռ կուսակցությունը հանդես է եկել Արցախի վերամիավորման, ինչպես նաեւ ՄԱԿ-ին դիմելու պահանջով՝ Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու համար։

Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ հրապարակային զգուշացնում են, որ հիմա չի կարելի խոսել վերամիավորման մասին։

Արցախում մտավախություն կա, որ Փաշինյանը Բրյուսելում «կհանձնի» Արցախը, և որպես կանխարգելիչ քայլ առաջարկվում է դիմել Ռուսաստանին՝ միանալու համար։

Ստեփանակերտը կհամարձակվի՞ որպես կանխարգելիչ քայլ պահանջել վերամիավորում Հայաստանի հետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.