Պեսկովը մատնեց Պուտինին․ Ինչ է կատարվում Կրեմլում

Lragir.am-ը գրում է.  Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդի խոսքերը, ով ասել էր, որ Վլադիմիր Պուտինի շրջապատն ապատեղեկացնում է նրան պատերազմական իրավիճակի եւ տնտեսական պատժամիջոցների իրական ազդեցության մասին։ Ըստ Սպիտակ տան պաշտոնյայի, դա լարվածություն է առաջացրել Պուտինի եւ ռազմական ղեկավարության միջեւ, տեղեկացնում են ԶԼՄ-ները։

«Ստացվում է, որ ոչ Պետդեպարտամենտը, ոչ Պենտագոնը իրական տեղեկատվություն չունեն, թե ինչ է տեղի ունենում Կրեմլում։ Նրանք պարզապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում Կրեմլում, նրանք չեն հասկանում նախագահ Պուտինին, չեն հասկանում որոշումներ կայացնելու մեխանիզմը,  չեն հասկանում մեր աշխատանքի ոճը», դժգոհել է Պեսկովը։ «Սա անհանգստություն է առաջացնում: Որովհետև նման լիակատար թյուրըմբռնումն ուղղակի հանգեցնում է սխալ որոշումների, հապճեպ որոշումների, որոնք շատ վատ հետևանքներ են ունենում», ասել է Պեսկովը։

Պուտինը մի առիթով ասել էր, թե Պեսկովը «հաճախ քամի է անում»։ Սակայն սա արդեն քամի անելու դեպք չէ, այլ փաստացի մատնագիր։ Բանն այն է, որ ամերիկյան, ինչպես նաեւ այլ երկրների հետախուզությունների համանման տեղեկություններն ըստ էության որոշ իմաստով Պուտինի վրայից հանում են պատասխանատվությունը, մյուս կողմից՝ այն դնելով շրջապատի վրա, որը ներկայում փորձում է փրկել իր կաշին։ Պեսկովը փաստորեն հայտարարում է, որ Արեւմուտքում լավ չեն հասկանում Կրեմլի ոճն ու Պուտինին, Պուտինն ամեն ինչից շատ լավ տեղյակ է, եւ նրա որոշումները բխում են դրանից։ Իսկ Պուտինի շրջապատի, այդ թվում իր նկատմամբ արեւմտյան պատժամիջոցներն իրավիճակը սխալ հասկանալու հետեւանք են։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.