ԱՄՆ-ի արձագանքը՝ միջուկային զենք կիրառելու վերաբերյալ Կրեմլի հայտարարությանը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի հայտարարությունը, թե Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե բախվի «էկզիստենցիալ սպառնալիքի»։ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին միջուկային սպառնալիքի մասին Մոսկվայի հայտարարությունները վտանգավոր է անվանել, գրում է BBC-ն։

CNN-ին տված հարցազրույցում Դմիտրի Պեսկովը մի քանի անգամ խուսափել էր պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկում է միջուկային զենք կիրառելու հարցը։ Երբ հաղորդավարը նրան հարցրել էր, թե ինչ պայմաններում Պուտինը կօգտագործի իր միջուկային զինանոցը, Պեսկովը պատասխանել էր. «Եթե մեր երկրին վտանգ սպառնա, ապա դա հնարավոր է»:

Մեկնաբանելով այս խոսքերը՝ Ջոն Քիրբին ասել է. «Այսպես չպետք է գործի պատասխանատու միջուկային տերությունը»։ Միաժամանակ Պենտագոնի ներկայացուցիչը հավելել է, որ գերատեսչությունը դեռ ոչինչ չի տեսնում, որը կստիպի իրենց փոխել ռազմավարական զսպման դիրքերը։

Փետրվարի 27-ին Պուտինը հրամայեց բարձր պատրաստության վիճակի բերել Ռուսաստանի միջուկային ուժերը, սակայն արևմտյան ռազմական պաշտոնյաներն ասացին, որ չեն տեսել ռուսական ռազմավարական ռմբակոծիչների, հրթիռների և սուզանավերի մոբիլիզացման էական նշաններ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.