«Կիրթ, կշռադատված տղա էր». համայնքապետը՝ համագյուղացու արձակած կրակոցից մահացած 24-ամյա ավագանու անդամի մասին

Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վաղաժամ մահվան լուրը ցնցել է թե՛ կուսակից ընկերներին, թե՛ համայնքի բնակիչներին: Նա ընդամենը 24 տարեկան էր:

Թումանյան համայնքի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Թումանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում հայտնեց, որ երիտասարդը շատ հանգիստ, կիրթ ու կշռադատված անձնավորություն էր:

«Երեք ամիս է, ինչ միասին էինք աշխատում: Շատ հաճախակի, բնականաբար, չէինք հանդիպում, հիմնականում՝ ավագանու նիստերին: Էդգարը ծնողների հետ գյուղում էր ապրում, քույր-եղբայր էլ ունի, ամուսնացած են: Ինքը դեռ չէր հասցրել ամուսնանալ: Գյուղատնտեսությամբ էին զբաղվում»,- ասաց Թումանյանը:

Ինչ վերաբերում է Էդգարի հետ վիճաբանած 19-ամյա երիտասարդի ու նրա հոր հետ ունեցած հարաբերություններին, համայնքի ղեկավարն ասաց, որ պատկերացում չունի անգամ, թե ի՞նչ կարող է պատահած լինել: «Այդ մարիկ էլ նորմալ, ադեկվատ մարդիկ են: Բոլորիս համար կատարվածն անսպասելի էր ու շոկային»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Լոռու մարզի Լորուտ գյուղում՝ համագյուղացու տանը, վիճաբանություն էր տեղի ունեցել Էդգար Մելիքսեթյանի ու 19-ամյա Նաիրի Մաթեւոսյանի միջեւ։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել էր իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, ինչից հետո նա էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում հրազենից կրակել էր Է. Մելիքսեթյանի ուղղությամբ, որից հետո վերջինս տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը մահացել էր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ հարուցված քրեկան գործի շրջանակներում կրակոց արձակած անձը ձերբաալվել է:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.