Բայդենն այրեց կամուրջները եւ ազդարարեց նոր աշխարհակարգը

ՌԴ նախագահ Պուտինին անվանելով ռազմական հանցագործ, ԱՄՆ նախագահ Բայդենն այսպիսով այրեց Ռուսաստանի հետ դիվանագիտական կամուրջները․ հետագայում շփումների փորձերի դեպքում միշտ հարց է տրվելու՝ արդյոք կարելի է բանակցել ռազմական հանցագործների հետ։ Կրեմլը Բայդենի հայտարարությունն աններելի է որակել։

Մյուս կողմից, արեւմտյան երկրները, միջազգային կառույցները պաշտոնապես ընդունում են Ռուսաստանի ռազմական հանցագործությունների փաստը, Հաագայի դատարանում հետաքննություն է ընթանում։ ՌԴ-ն պաշտոնապես չի էլ հերքում Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները եւ խաղաղ բնակչության շրջանում կորուստները, արդարանալով անհամոզիչ փաստարկներով։ ՌԴ մեկուսացումն ու «իզգոյացումն» իր ծավալներով աննախադեպ է եւ գերազանցում է Հյուսիսային Կորեայի դեմ կիրառված միջոցները։

Իր հերթին, Բայդենի հայտարարությունը դժվար է էմոցիոնալ համարել, նույնիսկ եթե այդպիսին է։ Թիվ մեկ գերտերության նախագահի խոսքը նշաձող եւ որոշակի գործընթացների մեկնարկ է նախանշում։ Բայդենի հայտարարությունն այրում է ոչ միայն Ռուսաստանի հետ կամուրջները, որը տվյալ դեպքում խորհրդանշում է անցյալն ու հին աշխարհակարգը, որը պահպանելու համար էլ կռվում է Պուտինը։ Բայդենն այրում է գործող աշխարհակարգի հետ կամուրջները, եւ հետ ճանապարհ չկա։ Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ ձեւավորվում է նոր աշխարհակարգը։ Պուտինն անցյալը պահպանելու իր ջանքերով արագացրեց այս գործընթացը։

Ինչ է լինելու Հայաստանի հետ նոր աշխարհում։ Իսկ ինչ կարող է լինել մի երկրի հետ, որի խորհրդարանը կազմող ուժերը, մեդիան ու քաղաքագիտությունը, հանրությունն իր գերակշիռ մասով հրաժարվում են քաղաքական սուբյեկտությունից եւ իրավունքներից, միջազգային դերակատարությունից ու պատասխանատվությունից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am