Ինքնասպան եղած գործարարի շինությունը թալանում են. 7 տարի անց. հայտնի նամակն ու ՊԵԿ նախագահի անունը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտաշես Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի մարտի 23-ին ժամը 13:00-ի սահմաններում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք գործելով շինություն հանդիսացող Երևան քաղաքի Խանջյան 29 շենք, իր հետ վերցրած պտուտակահանով հանել է շենքի «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը պատկանող ընդհանուր զգալի չափերի՝ 147000 ՀՀ դրամ արժողության 5-րդ հարկի բնակարանների թվով 2 դռները, 4-րդ հարկի բնակարանների թվով 3 դռները և 3-րդ հարկի բնակարանների թվով 2 դռները՝ հաջորդ օրը շենքից դրանք տեղափոխելու և հանցագործությունն ավարտին հասցնելու նպատակով, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում՝ այլ անձի կողմից հափշտակելու պատճառով:

Հիշեցնենք, որ 2015 թվականին փետրվարի 16-ին, ժ.10.40-ին «Նոր-Հաճըն» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Նոր-Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում, տանը՝ սենյակում մահացած մարդ կա, զենքը կողքին:

Պարզել են, որ նույն օրը ժ.08.30-ի սահմաններում, 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն էր գործել՝ ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով:

Դիակի կողքին հայտնաբերվել էր «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը: Ի դեպ, ինքնասպան եղած գործարարը նամակ էր թողել եւ այն վերագրել այսպես՝ «Հրեշը»: Ավելին ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ նամակում նա նշել էր նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը:

Հավելենք, որ 2005 թվականին հիմնադրված այս ընկերությունը իրականացնում է բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման գործունեություն եւ վերջերս հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ: «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն մայրաքաղաքում կառուցել է Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53 շենքերը: Սայաթ-Նովա 40 հասցեում կառուցված շենքում բնակարաններ գնած անձինք այդպես էլ չէին ստացել իրենց բնակարանները, դրանք գրավադրվել էին բանկում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.