factor.am-ը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմի 9-րդ օրվա գիշերը կարող էր աղետալի դառնալ ողջ Եվրոպայի համար։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զորքերը գնդակոծել են Եվրոպայում ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանը։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել էներգաբլոկներից մեկի մոտ և ուսումնական շենքում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ հրդեհի ընդգրկած տարածքը կազմել է 2000 քմ, այն հաջողվել է տեղայնացնել, հետո՝ մարել։ Ուկրաինական կողմն ԱԷԿ-ում ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցել։ Այդուհանդերձ, Զելենսկին հերթական ուղերձում խոսել է գլոբալ աղետի վտանգի մասին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ում 6 էներգաբլոկ է, եթե պայթեց, դա կլինի Եվրոպայի վերջը։ Եվրոպան հիմա պետք է արթնանա. Այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը։ Ռուսաստանը նպատակ ունի կրկնել Չեռնոբիլի աղետը, և Մոսկվան զբաղվում է միջուկային ահաբեկչությամբ։ Ռուսական տանկերը կրակել են միջուկային ենթակառուցվածքների վրա», – ասել է նա։
Իրավիճակին արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ, ինչից հետո հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինի անխոհեմ գործողություններն այժմ կարող են ուղղակիորեն սպառնալ ողջ Եվրոպայի անվտանգությանը»։
Մանրամասները՝ factor tv-ի տեսանյութում: