Ո՞վ է այսպես փաստացի ծաղրել ռուսական բանակին

Lragir.am-ը գրում է. Հայկական զլմ-ները գրում են, որ Երեւանի Կիևյան կամրջից Армия России (Ռուսաստանի բանակ) գրությամբ պաստառ էր կախվել։ Ըստ մամուլի՝ ի աջակցություն Ուկրաինա ներխուժած ռուսական բանակի պաստառի հեղինակը ԱԺ «ընդդիմադիր» ուժերից մեկն է։ Նշվում է նաեւ, որ պաստառը Կիեւյան կամրջից կախելն իր մեջ խորհրդանշականություն է պարունակում։ Թերեւս, նկատի է առնվում կամրջի անունը՝ ռուսական զորքը ներկայում կանգնած է Կիեւի մատույցներում։

Մյուս կողմից, Կիեւյան կամուրջը մեկ այլ բան էլ է խորհրդանշում՝ կառուցվելուց անմիջապես հետո կամրջից նետվելու բազմաթիվ դեպքերով։ Այս առումով, ԱԺ «ընդդիմադիր» այդ խմբակցությունը կամա-ակամա ծաղրել է ռուսական բանակին՝ պաստառը կախելով Կիեւյան կամրջից։

Ռուսաստանցի շատ փորձագետներ, ընդ որում՝ նաեւ Կրեմլին մոտ կանգնած, ռուսական ներխուժումն Ուկրաինա ինքնասպանություն ու ինքնակործանում են անվանում, անկախ պատերազմի ելքից։ Նկատի է առնվում ներխուժման հետեւանքով Ռուսաստանի ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, արժեքային անկման հեռանկարը։

Ռուսանպաստությունը Հայաստանում զարմանահրաշ դրսեւորումներ է ունենում։ Օրինակ, Արեւմուտքին փնովելու բուռն ձգտման մեջ օրերս ԱԺ «ընդդիմադիր» խմբակցության ղեկավարը փաստացի հայտարարեց, թե Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա եւ հանցանքներ կատարել։

Կրեատիվի պակասը զգացնել է տալիս։ Ճիշտ է՝ շատ դժվար է միաժամանակ ռուսանպաստ ու ազգամտահոգ լինելը, բայց պետք է ջանալ հիմար վիճակներում չհայտնվելու համար։ Մոսկվան կբարկանա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.