Պուտինին «բռնել են» մեծ ստի մեջ

Ուկրաինայի իրադարձությունների շուրջ շարունակվում է տեղեկատվական դաժան պատերազմը։ ՌԴ վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի արեւելյան շրջաններից ՌԴ պետական քարոզչամեքենան հաղորդում է Կիեւի կողմից գնդակոծությունների, դիվերսիաների փորձերի, կենսական նշանակության օբյեկտների թիրախավորման, պայթյունների վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, հակադարձելով այդ քարոզչությանը, ասել է, որ այնտեղ չկան զոհեր ու վիրավորներ, իսկ դիվերսիաներն էլ բեմադրում են եւ կրակում են ռուսամետ ուժերը եւ ագենտուրան։ Արեւմտյան հետախուզություններն այս մասին տվյալները հրապարակայնացրել են ավելի վաղ, նշելով, որ ՌԴ հետախուզության առջեւ խնդիր է դրված կազմակերպել սադրանքներ ներխուժման պատրվակ ստեղծելու համար։

Իրավիճակի շիկացման բարձրակետը սակայն Պուտինի հայտարարությունն էր այն մասին, որ Դոնբասում ցեղասպանություն է իրականացվում։ Գերմանիայի կանցլեր Շոլցը հակադարձել է Պուտինին, ցեղասպանության վերաբերյալ նրա խոսքերն անհեթեթություն (մեկ այլ թարգմանությամբ՝ զավեշտալի) համարելով։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն իր հերթին ասել է, որ Դոնբասում ցեղասպանության վերաբերյալ Պուտինի հայտարարությունը սուտ է եւ ինքնին արժեզրկում է այդ հասկացությունը եւ վիրավորական է։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներն անհիմն է որակել։

Պուտինի այդ հայտարարությունը գնահատվել է որպես Ուկրաինա ներխուժելու պատրվակ։ Դրանից հետո հայտարարվեց Դոնբասից բնակչության տարհանման մասին։

Ցեղասպանության մասին հայտարարելուց առաջ պետք է այն իրագործել, այն էլ ՌԴ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Բնակչության տարհանման վերաբերյալ տարածվող տեսանյութերն ու լուսանկարները վկայում են մարդկային ողբերգության մասին, որոնք զոհ են գնում քաղաքական կեղտոտ խաղերին։ Խոսքը նախեւառաջ Ռուսաստանի քաղաքականության մասին է, եւ շատերն են հարց տալիս՝ ինչու այս շրջաններում Պուտինը չի իրագործել Ղրիմի սցենարը, Դոնբասի այդ շրջանների բնակչությանը պահելով իր հավակնությունների պատանդի վիճակում։ Ի՞նչ է լինելու այն մարդկանց ճակատագիրը, որոնց տարհանում են եւ ցրում ՌԴ անծայրածիր հեռուներում՝ Պուտինի հայտարարությունը եւ խաղաղարար-փրկչական առաքելությունը «հիմնավորելու» համար։

Պուտինը նման կերպ թաքնվում էր հայերի ցեղասպանության հետեւում՝ Հայաստանի դեմ իր ծրագիրն իրականացնելու եւ Արցախ զորք մտցնելու համար, իր «պատասխանատվության գոտում» հայ բնակչությանը պահելով պատանդի վիճակում՝ բացառելով Արցախի քաղաքական կարգավիճակը եւ հայ բնակչության քաղաքական իրավունքները։ Այդպես է արդեն 100 տարի՝ Արեւմտյան Հայաստան, Կարս, Արարատ, Նախիջեւան, Արցախ, Հյուսիսային Արցախ, Գարդմանք…՝ ռուսական «փրկչության» վերաբերյալ փաստագրական ահռելի նյութով։ Թե մեկին էլ փրկել են ռուսները՝ Թուրքիան ու «Ադրբեջանն» են։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am