Երեւանում, այսօր՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 44-ամյա Ռուբիկ Զ-ն ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
Ըստ նախնական տեղեկությունների, վարկածներից մեկով մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով շպրտվել և ընկել է Mercedes-ի վրա, քանի որ պարեկների օպերատիվ ժամանման արդյունքում դիակից մոտ 30-40 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է մեկ այլ ավտոմեքենայի կոտրված դետալներ, վրաերթի ենթարկվածի պայուսակը, շարֆը, իսկ կոշիկներից մեկը հարվածի արդյունքում շպրտվել ու հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Գրանդ Սպորտ» ընկերության աշխատակցի՝ Կարինե Քալաշյան անուն-ազգանունով անցաթուղթ։