Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հարցով Ռուսաստանը սատարում է Ադրբեջանին

Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հարցով Ռուսաստանը սատարում է Ադրբեջանին։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Նշենք, որ Բաքվում հանձնաժողով է ստեղծվել՝ Արցախի պատմամշակութային ժառանգության աղավաղման, հայկական հետքերը վերացնելու նպատակով։ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է համարժեք հակազդի այս գործողություններին։

«Օրինակ՝ ես պահանջում եմ, որ մեր կառավարությունն ասի մեզ՝ ի՞նչ է անում ՅՈւՆԵՍԿՕ-ում մեր ներկայացուցչությունը պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։ Թող կոնկրետ ասեն, թե ինչ քայլեր են արվում հիմա և ինչ է պլանավորվում անել ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում։ Ես տեսնում եմ Ադրբեջանի քայլերը նաև ՅՈւՆԵՍԿՕ-ում և այն, թե որ երկիրն ինչպես է պահում իրեն։ Իմ ունեցած տվյալներով՝ Ռուսաստանն այս հարցում Ադրբեջանի հետ է։ Այո, Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին ասում է՝ այնտեղ կան հարցեր, ինչն ուժեղ հարված է մեզ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ գուցե հենց Ռուսաստանի աջակցությամբ էլ փորձում են ոչնչացնել Արցախի պատմամշակութային հուշարձանների հայկական հետքը, Գրիգորյանը պատասխանեց․ «Ես այստեղ պետք է հիշեցնեմ Պուտինի խոսքերը, մեր հիշողությունը շատ լավ է։ Պուտինն անձամբ ասում էր, որ Դադիվանքն իր անձնական վերահսկողության տակ է։ Եվ մենք տեսանք, թե Դադիվանքի հետ ինչ եղավ, ինչպես եկեղեցու վրայից հանեցին ամեն ինչ։ Ես միայն փաստերն եմ ներկայացնում»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.