Վատ լուր Ռուսաստանի համար

Բեռլինում «նորմանդական քառյակի» հանդիպումն անարդյունք է ավարտվել, հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, ով ներկայացնում է ՌԴ-ն Ուկրաինայի արեւելյան շրջանների հարցով բանակցություններին։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ն։

Կոզակն ասել է, որ 9 ժամ տեւած բանակցություններն ավարտվել են առանց արդյունքների։ Ուկրաինական կողմը հրաժարվել է ամփոփիչ փաստաթղթում հղում անել Մինսկի համաձայնությունների այն մասին, որում ասվում է, որ Դոնբասի ապագա կարգավիճակը պետք է լուծվի այդ շրջանի ներկայացուցիչների հետ բանակցություններում։ Նրա խոսքով, Կիեւը որեւէ պատասխան չի տալիս կարգավիճակի վերաբերյալ Դոնբասի առաջարկներին։

Դոնբասի կարգավիճակի հարցն առանցքային է Ռուսաստանի համար։ Մինսկի համաձայնությունները, որոնք պարտադրվել են Ուկրաինային 2014-ի ռազմական ներխուժումից հետո, ենթադրում են Դոնբասի հատուկ կարգավիճակ եւ լայն իրավունքներ Ուկրաինայի կազմում, որը պետք է ամրագրվի Սահմանադրության մեջ։ Փորձագետների գնահատականով, այդ տարբերակով փաստացի Ուկրաինան է մտնում Դոնբասի կազմի մեջ։

Ուկրաինայում լարվածության թուլացման եւ Պուտինին նահանջի տեղ թողնելու համար Փարիզն ու Բեռլինը, որոնք նորմանդական քառյակում են, փորձում են Կիեւին համոզել «որոշ առաջընթաց արձանագրել» Մինսկի համաձայնությունների հարցում։ Սակայն, ինչպես հավաստում է Կոզակը, Ուկրաինան մերժել է նաեւ այդ տարբերակը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.