«Դալմա Գադեն Մոլ»-ի մոտ իրականացվել է հատուկ օպերացիա. ծանր հանցանքի համար հետախուզվողը, ով եղել է զինված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   քիչ առաջ Երևանում  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի և նույն բաժնի հետախուզության բաժանմունքի պետ Նարեկ Ազարյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, Արաբկիրի ոստիկանապետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ   «Դալմա Գադեն Մոլ» առևտրի  կենտրոնի մոտ վնասազերծել ու «գետնին են փռել» Երևանի բնակիչ, 38-ամյա Գևորգ Սուքիասյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս եղել է «Մակարով» տեսակի ատրճանակով զինված և նրա նկատմամբ Հայաստսնի քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նա գտնվում էր հետախուզման մեջ:

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն,  որտեղից էլ նրան տեղափոխելու  են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ, քանի որ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կա որոշում՝ կալանքի վերցնելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Նշված քրգործը հարուցվել էր դեկտեմբերի 11-ին Երևանում ինքնաձիգի օգտագործմամբ տեղի ունեցած խուլիգանական գործողությունների փաստով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.