ՀՅԴ-ն վերահաստատեց հավատարմությունը եռակողմ հայտարարությանը

ՀՅԴ 131-ամյակի միջոցառումը, որին ներկա էին նախկին նախագահներն ու նախկին կոալիցիոներները, արձանագրեց ՀՅԴ հավատարմությունը եռակողմ հայտարարությանը։ ՀՅԴ ղեկավարը հավաստեց, որ այն թեեւ անընդունելի, սակայն կատարված փաստ է։ Պետք է փոխել պայմանները եւ ձգտել նոր եռակողմ հայանպաստ փաստաթղթի, ասել է նա։

Սրանով ամեն ինչ ասված է, մնացածը դեկորներ են։ Հիշվում է անմիջապես՝ նոյեմբերի 9-ից անմիջապես հետո Թատերական հրապարակից ՀՅԴ ղեկավարներից մեկի՝ Ռուսաստանին տրված հավատարմության երդումը։

ՀՅԴ-ն այսպիսով ընդունում է Մոսկվայի ու Անկարայի՝ պատմությունը նոյեմբերի 9-ի հիմքով սկսելու պահանջը Հայաստանին։ Այս պահանջը ընդունել են ոչ միայն իշխող խմբակը, այլեւ խորհրդարանը կազմող «ընդդիմադիր» դաշինքները եւ նրանց հարող շրջանակները։

Արցախի հայաթափման ու Հայաստանի թրքացման գործի դրված ծրագիրը, որի մասին խոսում է ՀՅԴ-ն, իր հիմքում ունի հենց նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ դրան հետեւած «եռակողմ ձեւաչափով» ռուս-թուրքական համաձայնությունները։ Հայ-թուրքական «կարգավորումը» նույնպես Պուտին-Լավրով պլանի ընդլայնված կիրառման մաս է։

Ցանկացած պայքար եւ հատկապես դիմադրությունը թշնամական ծրագրերին իմաստ ունի, երբ հստակ եւ ամբողջական գնահատական է տրվում իրավիճակին, հստակ սահմանվում են պատճառահետեւանքային կապերը, թիրախները եւ նպատակները։ Հակառակ դեպքում, եւ առավել եւս այս պարագային, բարենպաստ իրավիճակ է ստեղծվում թշնամական ծրագրերի հեղինակների համար՝ ավանդական սխեմաներով իրենց ծրագրերն առաջ տանելու։

ՀՅԴ միջոցառմանը ներկա ուժերը մոտ երեք տասնամյակ եւ հիմա խնամքով խուսափում են Արցախի հայաթափման եւ Հայաստանի թրքացման ծրագրին դիմադրության համար հիմնարար երկու քայլերից՝ Արցախի ճանաչման եւ վերամիավորման որոշման իրագործման, 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերի խնդրի քննարկումներ խորհրդարանում։ Հիմա երեւի բոլորին է պարզ, որ Հայաստանի դեմ 2020-ին Մոսկվայի ու Անկարայի ձեռնարկած ռազմական ու հիբրիդային արշավը կապված է այդ պայմանագրերի ժամկետի սպառման հետ։ Մոսկվան ու Անկարան ընդհուպ գոյաբանական խնդիր են լուծում իրենց համար, սերտ համագործակցությամբ։

Իսկ ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանը՝ թշնամական ծրագրերը սպասարկող քպ-ական իշխանությամբ եւ նոյեմբերի 9-ը կատարված փաստ համարող «ընդդիմությամբ»՝ Հայաստանը եւ հայ ժողովրդին նոր կորուստների ու ջարդերի դարավոր ծուղակում պահելուց բացի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am