Նախագահի թեկնածուն տապալվեց՝ դեռ չսկսած

ՔՊ-ի առաջադրած ՀՀ նախագահի թեկնածուն՝ Վահագն Խաչատրյանն այդ կարգավիճակում իր առաջին «գեոպոլիտիկ» հայտարարությամբ հաստատեց, որ ինչպես բանակի ու ԱԳՆ-ի, այնպես էլ նախագահի ինստիտուտի պարագային տեղի է ունենում «քաղաքական ներդաշնակեցում» ՔՊ խմբակի քաղաքականության հետ։

«Այն տարածքը, որտեղ առայժմ նստած են, այո, մերն է։ Իրենք մեր սուվերեն տարածքում են, երբ մենք գանք ընդհանուր համաձայնության՝ տարածքների ճշգրտումը կատարելուց հետո, որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինի», ի պատասխան Բաքվի ներխուժումների վերաբերյալ հարցի՝ ասել է Վահագն Խաչատրյանը։

Ո՞րն է ՀՀ սուվերեն տարածքը, ո՞վ է որոշել, եթե արդեն որոշված է՝ ի՞նչ կարիք կա սահմանազատման։ Եթե իրենք նստած են մեր տարածքում, մենք նստած ո՞ւմ ենք սպասում՝ «խորհրդային քարտեզներով սահմանազատմա՞նը», որն իրականացնելու են Մոսկվան ու Բաքուն իրար մեջ համաձայնություններով ու ներխուժումներով։

«Սուվերեն տարածք, հայ-ադրբեջանական սահման, խորհրդային քարտեզներով սահմանազատում» եզրաբանությունը շարունակում է լայնորեն կիրառվել հայ մամուլի, քաղաքական շրջանակների բառապաշարում։ Գիտակցաբար, թե չհասկանալով՝ էական չէ։ Փոխարենը, դրանք պատահական չեն դրվել շրջանառության մեջ եւ առնչվում են Հայաստանին պարտադրվող՝ պատերազմի արդյունքների ճանաչման եւ սահմանազատման ծրագրերին։ Այդ եզրաբանության կիրառումն ուղղված է հանրության շրջանում այսպես կոչված «Ադրբեջանի» տարածքի օրինականացման «հոգեբանական համակերպմանը», Մոսկվայի, Բաքվի եւ ՀՀ իշխանությունների շանտաժի ու սպառնալիքների ուղեկցությամբ։

Վահագն Խաչատրյանը շարքային վերլուծաբան կամ դեպուտատ չէ, այլ ՀՀ նախագահի թեկնածու, որի ստորագրությամբ են օրինականացվելու առաջիկա համաձայնագրերը։ Իրավա-քաղաքական խառնաշփոթը՝ գիտակցաբար թե ոչ, հակահայ ծրագրերի իրականացման գրավական է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am