Պուտինի անգնահատելի ծառայությունը ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին

Lragir.am-ը գրում է. Ռուսաստան-Ուկրաինա լարվածության եւ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին Մոսկվայի վերջնագրի ֆոնին տեղի է ունենում Արեւմուտքի համախմբում։ Թրամփի նախագահության օրոք «ցրված» ՆԱՏՕ-ն նոր շունչ է ստացել։ ՆԱՏՕ-ի չընդլայնվելու Մոսկվայի պահանջներին ի պատասխան տեղի է ունենում ԱՄՆ-ի ու Դաշինքի սպառազինության եւ ստորաբաժանումների տեղակայում Արեւելյան Եվրոպայում եւ մասնավորապես Ուկրաինայում, այսինքն՝ տեղի է ունենում յուրատեսակ «ընդլայնում»։ Եվրոպայի մի շարք երկրների՝ ՌԴ հանդեպ լոյալ ղեկավարների համար դժվարանում է նախկին պրոռուսական լոբբինգը։

Եթե արեւմտյան ուղղությամբ Մոսկվան իր հակաարեւմտյան քաղաքականությամբ ստացավ այս արդյունքը, հարավային ուղղությամբ ՌԴ-ն ինքն է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի առջեւ բացել ճանապարհը՝ Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ պլանավորված արշավով։

Ռուսաստանցի շատ փորձագետներ, որոնց դավադրապաշտության մեջ դժվար է կասկածել, գտնում են, որ Կրեմլն այսպիսով ծառայություն է մատուցում Արեւմուտքին ուղիղ իմաստով։ Ռուսական ներկայիս «իսթեբլիշմենտի» գերակշիռ մասն իրենց ընտանիքները եւ գողոնը վաղուց «արտահանել» են Արեւմուտքի երկրներ։ Արեւմուտքի հանդեպ Կրեմլի վարչակարգի պահվածքը այդ փորձագետները բացատրում են վարչակարգի «էդիպոսյան» բարդույթներով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.