Մեծ հավանականություն կա, որ ՀՀ-ն կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց ասուլիսում անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և հարցին, թե արդյոք Հայաստանը կընդունի Թուրքիայի հրավերը՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։ Նա հիշեցրեց, որ հարաբերությունների կարգավորման ֆորմատ է ձևավորվել, և հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումն արդեն տեղի է ունեցել։

«Եվ ես կարծում եմ, որ եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ ՀՀ-ն այդ ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի։ Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից։ Եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք։ Առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ ողջ միջազգային հանրությունն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։ Տարածաշրջանի երկրները նույնպես շատ են շահագրգռված, քանի որ խաղաղության օրակարգը հետաքրքիր է բոլորին։

«Այն, որ կողմերն արձանագրեցին, որ համաձայնել են առանց նախապայմանների քննարկման, դա արդեն շատ էականորեն լիցքաթափում է գործընթացի շուրջ լարվածությունը և նեգատիվ մթնոլորտը։ Հնարավո՞ր է այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Թուրքիայի հետ, ես չեմ կարող կախատեսել՝ հնարավոր է այս տարի, թե ոչ, դա միայն մեզնից չէ կախված։ Բայց շատ տրամաբանական կլինի, եթե մենք հասնենք այդպիսի արդյունքի, մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման։ Ես կարծում եմ՝ հիմնական խնդիրը հետևյալն է՝ արդյոք և Հայասատանը, և Թուրքիան անկեղծորեն շահագրգռված են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել։ Ես մեր կողմից կարող եմ միանշանակ ասել՝ այո, մեր կառավարության անկեղծություն այս հարցում կարող եմ հաստատել»,- հավելեց Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.