Ստացել ենք այդպիսի մոդել․ Վարչապետը Բաքվին փոխանցված առաջարկների մասին

Վաչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ առաջարկներ է հայկական կողմը փոխանցել Բաքվին։ «Նախ մի այսպիսի նրբություն՝ մենք այս առաջարկը, այո, փոխանցել ենք ՌԴ մեր գործընկերներին, բայց Ադրբեջանին էլ ենք փոխանցել։ Որոշակի թյուրիմացություն կա՝ առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետևյալի մասին են։ Դուք գիտեք, որ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ և գործը տանել դեպի դեմարկացիա-դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորման։ Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ ոչ ի գաղտնիք չկա։ Դրանք այն առաջարկներն են, որոնց մասին ես խոսել եմ դեռ մայիսին՝ հայելային հետքաշման առաջարկը»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ հայկական կողմի առաջարկը վերաբերում է սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելուն։ Ըստ նրա՝ դեմարկացիա ու դելիմիտացիա հնարավոր չէ անել, եթե սահմանին կայուն իրավիճակ չունենք։

«Ադրբեջանի կողմից կա հրապարակային արձագանք և կա հրապարակային պատասխան։ Ադրբեջանն ըստ էության հենց այդ առաջարկությունների փաթեթին էր արձագանքել՝ ասելով, որ դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։ Ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքեց, որ Հայաստանը դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված որևէ նախապայման չունի։ Խոսքը պայմանավորվածությունները կյանքի կոչելու մեխանիզմների մասին է, ոչ թե նախապայմանների։ Մենք չենք փորձել փաստաթուղթ ձևակերպել, որն արտահայտում է զուտ Հայաստանի տեսակետը, մենք փորձել ենք Սոչիում ու Բրյուսելում կայացած քննարկումներից ռացիոնալ առաջարկները դուրս բերել և ձևակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ։ Եվ իմ կարծիքով՝ մենք ստացել ենք այդպիսի մոդել, հիմա քննարկումները շարունակվում են, չենք ուզում դետալներ բացահայտելով՝ խաթարել ընթացքը։ Մենք կարծում ենք, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի հանձնաժողովն օր առաջ պետք է ձևավորվի», հավելեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.