Ինչ առաջարկներ է Հայաստանը փոխանցել Բաքվին․ մանրամասներ

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ ներկայացրեց, թե հայկական կողմն ինչ առաջարկությունների փաթեթ է փոխանցել Բաքվին։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարարը։

«Ես կարծում եմ՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը խոսում է միևնույն առաջարկի փաթեթի մասին, այսինքն՝ այն առաջարկությունները, որոնք ներկայացրել ենք Մոսկվային և Բաքվին, կարծում եմ, հենց նույն առաջարկությունները նկատի ունենք»,- ասաց նա։

«Այդ առաջարկներն ընդհանուր մասով երկար ժամանակ կառավարությունը և օրենսդիր մարմնի մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկայացրել են։ Դա վերաբերում է հայելային տաբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային միութան տարիներին գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները։ Եվ նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն սկսել»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ այդ առաջարկությունները գրավոր են ներկայացվել, բայց արձագանք դեռ չի ստացվել, ակնկալվում է գրավոր արձագանք։ Ըստ նրա՝ հայկական կողմի առաջարկության հիմքով առաջ գնալու դեպքում հաշվի են առնվելու ԽՍՀՄ տարիների գոյություն ունեցող քարտեզը։ «Այսինքն՝ ոչ թե այս պահին դե ֆակտո գոյություն ունեցող զորքերի տեղակայումով ենք հետքաշման գործընթաց սկսում, այլ հիմքում դրվում է ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող քարտեզը։ Եվ այդ քարտեզով զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ կանգնած էին, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ կերպ չի առնչվում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Եվ կարգավորումները հենց Լեռնային Ղարաբաղի մասով են։ Սահմանազատման և սահմանագծման մեր առաջարկություններն ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ստեղծված դե ֆակտո վիճակը, դրանց լուծումներին են ուղղված։ Այսինքն՝ այս իրավիճակի լուծումներին են միտված։ Ադրբեջանը, իհարկե, նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները չի կատարում, մենք այս հարցը բարձրացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում։ Եվ ակնկալում ենք, որ Ադրբեջանն ամբողջովին կկատարի նույեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները»,- հավելեց նա։

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ այնտեղ, որտեղ բնակավայրեր կան, այդ դեպքում զորքերը կամ սահմանապահ զորքերը կանգնելու են հենց բնակավայրի երկայնքով։ «Կոնկրետ սահմանազատման ու սահմանագծման մեր այս առաջարկությունների փաթեթի վերաբերյալ մենք գրավոր պատասխան ենք ակնկալում»,- նշեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am