News.am-ը գրում է. Ցանկացած պատերազմից հետո ինչ-որ ջղաձգություններ, հակառակ գործողություններ միշտ լինում են, դրանք ինչ-որ X ժամանակ հետո, կախված էմոցոիոնալությունից, նվազում են, ձգտում են զրոյի: Ես կարծում եմ, որ հնարավոր է մեր հարևան Ադրբեջանի հետ ունենանք հարևանական հարաբերություններ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հաայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին, թե հարևան Ադրբեջանի հետ ուզո՞ւմ եք լավ հարաբերություններ ունենալ, խոսքն այն նույն Ադրբեջանի մասին է, որը մի քանի օր առաջ երեք 18-ամյա տղաների սպանեց։
Նրա խոսքով, աշխարհի շատ երկրներ, որոնք հարևաններ են, մեկը մյուսի համախառն ներքին արդյունքի մեջ բավականին մեծ ծավալ են ունենում. «Եթե ստացվի այնպես, որ մեր հարևանների հետ ունենանք համախառն ներքին արդյունքի բարձր տոկոս, դրանք լավ գործիքներ կլինեն հարաբերությունները լավացնելու համար:
Մենք Ադրբեջանի հետ այդ թշնամությունը չենք փոխանցելու մեր զավակներին և սերունդներին։ Երբ փոխհրաձգություն է լինում, նրանց մոտ նույնպես զոհեր են լինում, պետք է քաղաքակիրթ լինենք: Երկրորդ՝ մենք պետք է լուռ, նյարդերը զսպած այդ ամեն ինչը կառավարենք։ Իհարկե, լինելու են դեպքեր, բայց ունենք այն, ինչ ունենք։ Գիտեք՝ ինչ տարածաշրջանում ենք ապրում, գիտեք՝ ինչ հարևաններ ունենք, ու մենք պետք է մեր հարևանների հետ կարգավորենք մեր հարաբերությունները, որպեսզի մեր սերունդներին թշնամանք չհանձնենք»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը: