Մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանին ու իշխանությանը վռնդել․ Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ ընդդիմությունը չի փորձում ազդել այս փուլում ընթացող գործընթացների վրա։

«Ընդդիմությունն անում է իրենից կախված գրեթե ամեն ինչ։ Ընդդիմությունը հանդիպումներ է ունենում մարզերում, Երևան քաղաքում քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, տարբեր մասնագիտական կառույցներ ներկայացնող գործիչների հետ, փորձում է գեներացնել դժգոհությունը, բացատրել մարդկանց, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Եվ ընդդիմությունը ի՞նչ պետք է անի։ Իմպիչմենտի հարց մեկ տարի, ըստ Սահմանադրության, ընտրությունից հետո չենք կարող բարձրացնել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքների բնակիչների բողոքներին, Վանեցյանը նշեց, որ իշխանությունն է պատասխանատու երկրի անվտանգային համակարգի համար։ «Մենք ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ, փողոցային պայքարի ժամանակ, երբ ասում էինք՝ էս կապիտուլյանտներին պետք է դուրս շպրտել, որովհետև նրանք չեն կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը, մեզ մեղադրում էին, որ մենք պատերազմի կողմնակից ենք, որ պատերազմ ենք հրահրում, որ մենք ռևանշիստների ուժ ենք և այլն։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ 660 հազար ՀՀ քաղաքացի ընտրել է այս իշխանություններին։

Շատ կարևոր մի հանգամանք կա, ընտրությունների ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը մուրճը ձեռքին շրջում էր Հայաստանի մարզերում և ասում՝ մենք անվտանգային հարցերը լուծել ենք, մենք խաղաղության դարաշրջան ենք բացում, մենք չենք ունենալու ոչ մի կորուստ այլևս, մեր երեխաները չեն զոհվելու սահմանին, մենք թույլ չենք տալու, որ ՀՀ սուվերեն տարածքի վերաբերյալ լինի ոտնձգություն, Սյունիքի հարց ընդհանրապես չկա, միջանցքի հարց ընդհանրապես չկա, հիմա պետք է այս «կոռուպցիոներներին», ժողովրդից գումարներ գողացածներին սաղին թափ տանք, փողերը հետ բերենք, լավ ապրենք։ Ընտրությունների ավարտից հետո մենք ականատես եղանք, թե Ադրբեջանի իշխանություններն ինչ ուժի սպառնալիքներ են մեր նկատմամբ հնչեցնում, և որևէ արձանագքն չենք ստանում մեր իշխանությունների կողմից։

Այսինքն՝ մենք գրեթե ամենօրյա ռեժիմով ունենում ենք մեր բնակիչների վախ, մարդիկ ապրում են նկուղներում, վախի մեջ։ Այսօր ընդդիմադիր որևէ պատգամավորի թույլ չեն տալիս այցելել առաջնագիծ։ Ժողովուրդ, եկեք բոլորս միասին հասկանանք՝ ինչպե՞ս պետք է պայքարենք այս իշխանությունների դեմ, ինչպես գեներացնենք այդ դժգոհությունը, նրանց դուրս շպրտենք։ Մեր օրակարգը չի փոխվել՝ մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանին ու իշխանությանը վռնդել և երկիրը բերել նորմալ վիճակի»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am