Ո՞րքան կարժենա Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքի տոմսը

Հայկական Flyone Armenia-ն Թուրքիայի իշխանությունների կողմից թույլտվություն է ստացել իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ: Իրավաբան․net-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Flyone Armenia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Flyone Armenia ավիաընկերությունը Թուրքիայի ավիացիոն իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար։ Առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին»,-նշել է Անանյանը:

Նախատեսված է շաբաթական 2 թռիչք իրականացնել, տոմսերի արժեքը սկսում է 39 եվրոյից։ Անանայանի խոսքով՝ արդեն գնորդների կան։

Հիշեցնենք, որ Հայաստանի ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանն իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Flyone Armenia ընկերությունը դիմել էր թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով, իսկ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.