Ղազախստանում իրավիճակը շարունակում է մնալ լարված. ինչ իրավիճակ է հայ համայնքում

Ղազախստանում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնից ազատել է Ղազախստանի անվտանգության խորհդի փոխքարտուղարին, ուղերձով դիմել է ժողովրդին, անդրադարձել երկրում տիրող իրավիճակին։ Նա ասել է, որ իրավիճակը կայունացել է Ալմաթի, Ակտոբե քաղաքներում և Ալմաթիի մարզում։ Տոկաևի խոսքով՝ ահաբեկիչները շարունակում են վնասել պետական և մասնավոր ունեցվածքը, կիրառում են զենք քաղաքացիների նկատմամբ։ Տոկաևը նաև նշել է, որ չի կարող լինել բանակցություն հանցագործների և մարդասպանների հետ, քանի որ նրանք զինված են, պատրաստված և որ բանդիտներին պետք է ոչնչացնել առաջիկա օրերին։

Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևն էլ խորհրդակցություններ է անցկացնում և ուղիղ կապի մեջ է Տոկաևի հետ։ Նա կոչ է անում միավորվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջը` ներկա մարտահրավերները հաղթահարելու ու երկրի ամբողջականությունը պահպանելու համար:

Նուր-Սուլթան /Աստանայի/ հայ համայնքի ղեկավար Սահակ Սալումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին իրավիճակը նորմալ է, տարբեր քաղաքներում ապրող մեր հայրենակիցները, շուրջ 32.000 հայ, անվտանգ են: Տարբեր քաղաքների հայկական համայնքների հետ մշտական կապի մեջ են:

«Որևէ խնդիր չկա, ամեն մեկն իր գործերով է, իրենց առօրյա կյանքով են ապրում մեր հայերը, գնում աշխատանքի, գալիս տոն, նշում տոները: Հիմա ավելի հանդարտ է: Մյուս համայնքների ղեկավարների հետ կապի մեջ ենք, զանգում ենք, հարցնում, անհանգստանալու որևէ բան չկա: Եվ այս պահին էլ որևէ ցույց չկա, իրավիճակը կայունացել է: Մեր համայնքից որևէ մեկը այդ ցույցերին չի մասնակցել, վիրավորների և զոհերի մեջ էլ հայեր չկան»,-ասաց նա:

Սալումյանի խոսքով՝ քրեական որոշ տարրեր գազի գնի թանկացման պատրվակով որոշել էին ամեն ինչ իրենց ձեռքը վերցնել, պայքարողները հասարակ քաղաքացիներ չեն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am