Ով է հարձակվել Ղազախստանի վրա եւ ում դեմ են կռվելու ՀԱՊԿ զորքերը

Lragir.am-ը գրում է. Ղազախստանի իրադարձությունների կապակցությամբ հարցեր է առաջացրել ՀԱՊԿ-ի կասկածելի օպերատիվ միջամտությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նշել է, որ Վաշինգտոնը հարցեր ունի ՀԱՊԿ-ին Ղազախստանի դիմումի լեգիտիմության կապակցությամբ։

«Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացվել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով», – նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱՊԿ ԱԽ Խորհրդի նախագահն է: Նրա խոսքով, որոշումը կայացվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա եւ «Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում»։

Ոչ ոք սակայն այդպես էլ չի ասել, թե ինչ «դրսի միջամտության» մասին է խոսքը։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ղազախստանը չեն ասում, թե կոնկրետ ով է երկրին սպառնում դրսից։ Ռուսական մեդիա-քաղաքական ամենատարբեր ուղղվածության շրջանակները նույնպես տարակուսանք են հայտնում այս կապակցությամբ։ Բացառություն են միայն ՌԴ իշխող խմբավորման ներկայացուցիչները։

Սկզբում ակցիաները խաղաղ էին, բայց հետո ամբոխը գլխավորել են հանցագործները և զենքով ահաբեկիչները, հայտնել են Տոկաևի վարչակազմից։ Նրանք օգտագործել են կապի սեփական միջոցները, նրանց կողմից գործել են դիպուկահարներ։

Ղազախստանում ցույցերը զինված ապստամբության ձև են ստանում, երկիր են եկել լավ պատրաստված իսլամական զինյալներ։ Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՌԴ Դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը։

Ղազախստանի իրադարձություններն իրական վտանգ են ներկայացնում հանրապետության անվտանգությանը և նույնիսկ տարածքային ամբողջականությանը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Այս առումով պարզ չէ, թե ում հետ են կռվելու ՀԱՊԿ «խաղաղապահները», եթե սպառնալիքի աղբյուրը լիովին պարզաբանված չէ։ Եթե ​​խոսքը «իսլամիստների» մասին է, ապա ղազախների ճնշող մեծամասնությունը մուսուլմաններ են և պոտենցիալ «իսլամիստներ»։

Սպառնալիքի սահմանման բացակայությունը հիմք է տվել հայտարարությունների, որ Կրեմլը պարզապես օկուպացիոն զորքեր է ուղարկել Ղազախստան՝ թաքնվելով ՀԱՊԿ-ի եւ արտաքին ագրեսիայի քարոզչության թիկունքում։

ՀԱՊԿ զորք ուղարկելու կասկածելի լեգիտիմության մասին է վկայում նաև մեխանիզմը։ Ինչպես հայտնի դարձավ, հայ զինվորականներին Ղազախստանում խաղաղապահ գործողությանը մասնակցելու թույլտվություն է տվել ՀՀ կառավարությունը՝ Փաշինյանի ստորագրությամբ։ Հարցը խորհրդարանում չի քննարկվել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.