Որոշումների կայացումը միայն մեզնից չէ կախված․ Նիկոլ Փաշինյան

2022 թվականին պիետք է բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի վերելքի և վերածննդի տարի լինի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել 2021 թվականին կատարած աշխատանքի համար։ 2021 թվականը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր, և մեզնից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք ՀՀ-ում և նրա շուրջ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի։ Եվ, այո, ցավոք սրտի, 2021 թվականի մեկնարկին մենք հենց այդպիսի խնդիր ունեինք, և բնականաբար չէինք ցանկանա, որ այդպիսի օրակարգ ունենայինք։ Պետական կառավարման համակարգից շատ մեծ ջանքեր ապահանջվեցին, որպեսզի մենք կարողանանք ըստ էության անցնցում հաղթահարել 2021 թվականը։ Իհարկե, արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ» ,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ուենցած միջադեպը էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները։ «Եվ ես առաջարկում եմ, որ մենք հիմա մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգենք 2021 թվականի ընթացքում և նաև նախկինում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2022 թվականին պետք է բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի վերելքի և վերածննդի տարի լինի։ «Սա է մեր այսօրվա հիմնական ուղերձը։ Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգը և հետևանքները դեռ իրենց երկար են զգացնել տալու։ Եվ մենք պետք է քայլ առ քայլ հետևողական հաղթահարենք այդ վիճակը և փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում։ Ընդ որում, իմ համոզմունքը հետևյալն է, և նաև վերլուծելով մեր անցած շրջանի պատմությունը, մենք պետք է մեզնից կախված հնարավորն անենք՝ լուծումների գնալու համար։ Մենք պետք է մեզնից հնարավոր ամենն անենք, որպեսզի հաջորդ սերունդներին և հաջորդ կառավարություններին ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, ամրագրված իրավիճակ, ինչն առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացումն ապահովելու համար։ Բայց մյուս կողմից, իհարկե, սա հեշտ չէ, մենք բոլորս պետք է հասկանանք։ Եվ ինչքան էլ մեր պատրաստակամությունը մեծ է մեր վրա վերցնել որոշումներ կայացնելու պատասխանատվություն, պետք է նաև արձանագրենք, որ այդ որոշումների կայացումը հաճախ կամ գրեթե միշտ միայն մեզնից չէ կախված։ Սա ամենակարևոր արձանագրումն է։ Եվ մենք պիտի կարողանանք մեր արտաքին քաղաքականությամբ, այդ թվում՝ ի վերջո նաև բոլոր այն սուաբյեկտներին, ումից կախված է որոշումների կայացումը, կարողանանք հասունացնել մի այդպիսի գործընթաց, որտեղ մենք ի վերջո կկարողանանք ֆիքսել իրավիճակը և մեր հռչակած՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը կկարողանանք հասցնել լրումին։ Սա բարդ գործընթաց է, բայց ամենամեծ բարդությունը ոչ թե այն է, որ մենք պատրաստ ենք մեզ վրա որոշումներ կայացնելու պատասխանատվություն վերցնել, այլ ամենամեծ բարդությունն այն է, որ այդ որոշումների կայացումը միայն մեզնից չէ կախված։ Սա մենք պետք է արձանագրենք, բայց մյուս կողմից էլ հետևողականորեն գործենք և չշեղվենք նախապես մեր հրապարակած և ՀՀ քաղաքացիների հավանությանն արժանացած օրակարգից»,- ասաց Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.