«Իշխանության վարկանիշը մաշեցնելը և դիմադրության շարժում ձևավորելը, այո՛, հենց այդ նպատակին են ծառայում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Factor.am-ի դիտարկմանը՝ գաղտնիք չէ՝ ձգտում եք իշխանության գալ:
Անդրադառնալով հարցին, որ եթե հաջողվի իշխանության գալ, արդյո՞ք առոչինչ կճանաչվի իրենց կողմից քննադատված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ Քոչարյանը նշեց. «Նայեք՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը, ինչ վատ բան կա, արդեն կատարված է: Ես կգամ իշխանության, թե Պողոսը կամ Պետրոսը, կապ չունի, որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը: Իրականացված են բոլոր կետերը, բացի մի կետից, որը մեզ էր պետք՝ գերիների վերադարձի վերաբերյալ կետը: Մենք եթե չեղարկենք այդ փաստաթուղթը, մեզ մեղադրելու են ասեն՝ գերիներին չեն ուզում վերադարձնել, որովհետև դա միակ իրավական փաստաթուղթն է»:
Քոչարյանը հավելեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի առոչինչ ճանաչելու հարցն այլևս ակտուալ չէ: Անդրադառնալով Հադրութի և Շուշիի կարգավիճակի վերաբերյալ հարցին, Քոչարյանը պատասխանեց, որ պետք է ձգտել գոնե ԼՂՀ-ի տարածքի ամբողջականությունն ինչ-որ տեղ վերականգնել. «Այդ ուղղությամբ քայլեր անելով՝ չի կարող հաջողության գոնե մի մասը չիրականացվել: Ես այն մարդկանցից եմ, որ հավատում է մեկ բանի՝ ամեն օր քայլ կատարելով, քարը քարին դնելով՝ հնարավոր չէ ինչ-որ տեղ ինչ-որ չափ հաջողություն չունենաս»:
Մանրամասները՝ տեսանյութում: