Հայկ Մարությանը բացահայտումներ արեց

Երևանի ավագանու հատուկ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանն ուղերձ հղեց երևանցիներին․

«Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում։ Եվ կարծես թե այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի։ Օրինակ՝ բյուջեի խոշոր չափի գումարների հափշտակում կամ աշխատանքային ու կենցաղային այլ զարհուրելի հանցանք։ Բայց, ինչպես ելույթներից հասկացանք, այդպիսիք չկան»,- ասաց նա։

Ըստ Մարությանի՝ ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է։ «Ինչպես նախաձեռնող խումբն է ասում, քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը։ Եկեք հասկանանք՝ արդյոք դա այդպես է, թե ոչ։ 2018 թվականին Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց, որին մենք բոլորս մասնակից ենք եղել։ Հեղափոխության հաղթանակից հետո առաջին ընտրությունները Երևանի ավագանու ընտրություններն էին, որտեղ մենք՝ որպես հեղափոխական թիմ, խնդիր ունեինք ջախջախիչ հաղթանակ տանել և թղթի վրա հստակ ամրագրել ժողովրդի կամքը, ինչն էլ իր հերթին թույլ կտար գնալ ԱԺ արտահերթ ընտրություններին և ամրագրել այդ հաղթանակն արդեն համապետական մասշտաբով։ Այդ նպատակով ստեղծվեց հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը։ Ավելորդ չէ հիշեցնել, որ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին ՔՊ անդամ։ Այսինքն՝ ֆրակցիայի մեծ մասն անկուսակցական էին կամ այլ կուսակցությունների անդամ։ Ընտրությունների արդյունքում մենք ունեցանք շատ համոզիչ հաղթանակ՝ հավաքելով ձայների մոտ 82 տոկոսը։ Կրկնում եմ՝ ժողովուրդն իր ձայնը չտվեց որևէ կուսակցության, ժողովուրդն իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինքին։ Իր ձայնը տվեց հեղափոխությանը, հեղափոխական թիմին, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, թիմում ընդգրկված հարգված մարդկանց»,- ասաց Մարությանը։

Նրա խոսքով՝ այստեղ շատ կարևոր նրբություն կա՝ հեղափոխական թիմը չգնաց ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրոշի ներքո, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» անունն այն ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր։ «Այսպիսով՝ եկեք արձանագրենք, որ 2018 թվականին Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եթե անձերին մի կողմ դնենք, ժողովուրդն ընտրեց «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը։ Այսօր այս պրոցեսը նախաձեռնող թիմը որպես անվստահության հիմք ասում է՝ քանի որ ես դուրս եմ եկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից և դուրս եմ եկել «Իմ քայլը» դաշինքից, ապա չեմ կարող լինել քաղաքապետ։ Սիրելի հայրենակիցներ, պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից։ Եվ նախաձեռնող խմբի այս պնդումն ուղղակի կեղծիք է։ Ի դեպ, իրենց պնդումներում օգտագործելով ՔՊ անունը՝ այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառագորդը։ Սա անընդունելի է ինձ համար և ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն և հեղափոխություն են արել ուղղակի ավելի լավ Հայաստանի երազանքով։ ՔՊ-ականներն ավելի առաջ են գնացել, նրանք վերջերս արդեն առաջ են տանում այն թեզը, որ ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին։ Սա նույնպես անընդունելի է և վիրավորական այն քաղաքացիների համար, որոնք կուսկացության անդամ չեմ։ Հետևաբար, ո՞րն է անվստահության հիմքը»,- ասաց Մարությանը։

Նա անդրադարձավ այն պնդմանը, թե ինքը շեղվել է հեղափոխական արժեքներից։ «Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։ 2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել, և հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը։ Օրինակ՝ նախարարները 1,5 մլն դրամ են ստանում, փոխնախարարները՝ 1 մլն դրամ, և այսպես շարունակ։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը։ Բայց իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկեցին բարելավել իրենց կյանքը այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։ Կասեք՝ շուտ խոսեիր սրա մասին։ Բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներով, ոչ մի արձագանք։ Աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենատարբեր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ պարոն Մարության, քաղաքապետարանի այսինչ աշխատակիցը ինչ-որ վատ քոմենթ է գրել կամ վատ ստատուսի տակ լայք է դրել, իրենք պետք է աշխատանքից հեռանան։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ՝ հարգելիներս, հեղափոխությունն ախր նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման մարդկանց քաղաքական հայացքների համար չհետապնդեն, աշխատանքից չհեռացնեն։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, ախր երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ այստեղ եկել, ես գործով եմ զբաղված։ Բայց սրանք դեռ ծաղիկներն էին, հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղկի բուտկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, էս հողն ընդլայնենք։ Եվ, բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը՝ քանի ես այստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում, և բոլորը հավասար են օրենքի առաջ։ Սա շատ տհաճ ազդակ էր ինձ համար, որովհետև ես այդպիսի զանգեր չէի սպասում, երբ միանում էի թիմին»,- նշեց նա։

Հայկ Մարությանի խոսքով՝ և այստեղից սկսվեց խզումն իր ու ՔՊ-ի աշխարհայացքների միջև։ «Եվ հիմա այս մարդիկ ասում եմ՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են՝ արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ գնում էր սա պետության համար։ Մի երկիր, որը 30 տոկոս աղքատություն ունի, որն իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը։ Սա շատ վատ տպավորություն է թողնում, դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում, այլ միայն տարակուսանք և քմծիծաղ»,- ասաց նա։

Մարությանն ասաց, որ դեռ 2019 թվականին վաճառքի է հանել քաղաքապետին կցված «Մերսեդեսը», գումարը մուտք է արել քաղաքի բյուջե և այս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսսան» է վարում՝ առանց վարորդի, իսկ թիկնապահների մասին ընդհանրապես խոսք չկա։ «Երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս, և սա հերոսություն չէ, սա լավ չէ, սա նորմալ է, որովհետև դա իմ համոզմունքն է։ Եվ դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը։ Կրկնում եմ՝ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածել, սեփական կոմֆորտի մասին մտածել։ Այստեղ պետական աշխատանքը ինքնազոհություն և զրկանք պետք է լինի դեռ երկար տարիներ։ Բայց ՔՊ մեր գործընեկերները չեն կիսում այս արժեքը, դե հիմա ասեք՝ ո՞վ է շեղվել հեղափոխական արժեքներից»,- հայտարարեց Հայկ Մարությանը։

Նա նաև հավալեց, որ ՔՊ-ից դուրս գալու դիմումը գրել է նախորդ տարվա դեկտեմբերին, այն հանձնել է Սուրեն Պապիկյանին։ «Ասել եմ եղբայր, որպեզի որևէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին հրապարակային չեմ ասելու։ Ասել եմ՝ դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հրամար կլինի։ Ինչպես տեսնում եք, ես իմ խոսքը պահել եմ և նրանք կուսակցությունից իմ դուրս գալու մասին ասել են այն պահին, երբ իրենց հարմար է եղել։ Ես լռել եմ ներքաղաքական իրավիճակը չսրելու համար, բայց այսօր ՔՊ թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար է քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար։ Ուստի, ես արդեն կարող եմ ինձ թույլ տալ ժողովրդի հետ խոսել այս ամենի մասին»,- նշեց նա։

«Հիմա պատմեմ մի դրվագ, մեր համատեղ աշխատանքի բազմաթիվ դրվագներից մեկը, որ պարզ լինի, թե ինչու է դա տեղի ունեցել։ Բոլորս գիտենք տրանսպորտի վիճակը և բոլորս գիտենք, որ օր առաջ պետք է այս հարցին լուծում տալ։ Այս նպատակով անցած տարվանից սկսել ենք ավտոբուսներ գնել համայնքի միջոցներով։ Տենդեր էինք հայտարարել 8,6 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու համար, որը կայացել էր։ Եվ ավագանին պետք է համաձայնություն տար, որ գումար հատկացնեին գնման համար։ Դա 2021 թվականի փետրվարն էր, ահռելի ծավալի աշխատանք էինք կատարել, ավագանին պետք է գար ու ուղղակի քվեարկեր։ Բայց որոշումը կարողացանք ընդունել միայն ավագանու ընդդիմադիր և անկախ անդամների ներկայության շնորհիվ, + 1 ձայնով։ Փաստացի այս մարդիկ ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների միայն մի բանի համար, որ ասեին՝ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները։ Այսինքն՝ նեղ խմբակային շահը վեր են դասում մի ամբողջ համայնքի շահից։ Ու թող հեքիաթներ չպատմեն, թե իբր կառավարությունն ուզում է ավելի լավ ավտոբուսներ բերել։ Բերող էիք, բերեիք։ Մենք 850 ավտոբուսի կարիք ունեինք, 210-ի գնումն էինք անում այդ պահին, մնացածն էլ դուք բերեիք։ Երեք տարի ժամանակ ունեիք, բերեիք, այսօր բերեք, վաղը բերեք, մի բան բերեք։ Այսքանից հետո խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարաբերություններ ես պետք է ունենամ ավագանու այս ֆրակցիայի հետ»,- ասաց Մարությանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.