Հայաստանը տարեկան շուրջ 32 մլն դոլար կվճարի Գազպրոմին Հրազդան-5-ի շահագործման համար

ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև դեռևս 02.12.2013թ. ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը և համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլև կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Այս մասին նշված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի թանկացմանը վերաբերող հայտարարությունում։

Առաջացած խնդրի շուրջ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում՝ սկսած 01.02.2022թ-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միևնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am