ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ին կվերանայվեն սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները: Այս մասին հայտարարությունը հրապարակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2021 թվականի սեպտեմբերի 25-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։
Այս պատճառով, «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջարկում է վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները։
Տեղեկացնենք, որ օրեր առաջ որոշում կայացվեց նաեւ խմելու ջրի սակագինը բարձրացնել. հունվարի 1-ից բնակիչները խմելու ջրի մեկ խորանարդ մետրի համար վճարելու են 200 դրամ: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2018 թվականից խոստացել էր, որ մինչև 2024 թվական խմելու ջրի սակագինը չի բարձրանալու։ Բայց 2024 թվականին դեռ շատ կա, իսկ ջրի գինը մի քանի օրից բարձրանալու է 20 դրամով: