Ռուսաստանը պահանջում է բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք․ դեպի հարավ կարելի է

Lragir.am-ը գրում է. ԱՄՆ-ը պետք է պարտավորություններ ստանձնի՝ բացառելու ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արեւելք եւ հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում Էին ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Այդ մասին ասվում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի նախագծում, որը պատրաստել է ռուսական կողմը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ-ն փորձում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին հարկադրել պայմանագրի ստորագրումը, սպառնալով ներխուժել Ուկրաինա։ ԱՄՆ-ն հայտարարում է, որ ՌԴ-ն իրավունք չունի որոշումներ պարտադրել երկրներին։ Բայդեն-Պուտին հանդիպումից հետո խոսակցություն եղավ, որ հնարավոր է ՌԴ-ՆԱՏՕ բանակցություն։ Տեղի կտա՞ ԱՄՆ-ն պուտինյան շանտաժին։ Փորձագետները նշում են, որ ռուսական ներխուժումը աղետ կլինի ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ՌԴ համար, պուտինյան ռեժիմի փլուզման արագացմամբ։

Մյուս կողմից, պուտինյան կլեպտոկրատ ռեժիմը լիովին հակառակ քաղաքականությունն է վարում հարավային ուղղությամբ, հովանավորելով եւ սպասարկելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ընդլայնման եւ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում նրա ազդեցության մեծացման գործընթացը։ Հայաստանի դեմ Ռուսաստանի ծրագրած ու իրականացրած ահաբեկչական արշավը նաեւ այդ նպատակն ուներ։ Թուրքիան ներկայում ռազմական հենակետեր ունի «ադրբեջանի» ողջ տարածքում։

Իր հերթին, Արցախի հարցի փակմամբ ու Հայաստանին պարտադրվող պայմանագրերով Մոսկվան ՆԱՏՕ-ի եթե ոչ անդամակցության, ապա սերտ գործընկերության ճանապարհ է բացում Բաքվի համար, որը չի հապաղելու օգտվել դրանից։ Ալիեւն այդ հեռանկարն է քննարկել օրերս ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ։ Մոսկվան որեւէ կերպ չի արձագանքել Ալիեւի բանակցություններին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.