Ռուսաստանի փլուզում, Կարիբյան նոր ճգնաժամ․ հանգուցալուծումը մոտ է

Lragir.am-ը գրում է. ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդում հայտնի ռեժիսոր Սոկուրովի եւ Պուտինի «երկխոսությունն» իսկական փոթորիկ է առաջացրել, Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմայի շուրջ ծավալված իրադարձությունների ֆոնին։ ՌԴ պետական քարոզչամեքենայի խորագրերում կիրառվող եզրաբանությունը խոսուն է՝ Արեւմուտքը ձգտում է Ռուսաստանի փլուզմանը, Կարիբյան նոր ճգնաժամ, Ռուսաստանի տարածքները վերաբաժանվելու են Չինաստանի, Ֆինլանդիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի միջեւ եւ այլն։ ՌԴ օֆիցիոզն ակնհայտորեն շիկացնում է Ռուսաստանի վրա կախված սպառնալիքի թեման, ըստ ռուսաստանցի փորձագետների՝ Պուտինի շուրջ մոբիլիզացիա ապահովելու, երկրի ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու համար։

Փորձագետները նշում են, որ խաղասեղանին իշխանության «տրանզիտի» եւ պուտինյան շրջապատի 2-3 տրիլիոն դոլարի հասնող գողոնի պահպանման հարցն է։ Դրան է ուղղված Կրեմլի ներքին ու արտաքին քաղաքականությունն ու քարոզչությունը՝ ներքին ռեպրեսիվ կոշտացումների, դեգրադացիայի եւ արտաքին ագրեսիայի ուժգնացմամբ։

Պուտինը ՌԴ ԱԳՆ հավաքին դիվանագետներին հրահանգել էր պահպանել լարվածությունը Արեւմուտքի հետ հարաբերություններում՝ Արեւմուտքին եւ նախեւառաջ ԱՄՆ-ին զիջումների եւ Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի ընդլայնման եւ այլ խնդիրներում Կրեմլի պայմաններին հակելու նպատակով։ Բայդենի հետ Պուտինի երկու բանակցությունները պետական քարոզչամեքենան ներկայացնում է հենց այդ համատեքստում։

Այսինքն՝ նախ պետք է ստեղծել «Կարիբյան ճգնաժամ», այդ թվում՝ միջուկային սպառնալիքով։ Փորձագետները չեն բացառում, որ գործը կարող է հասնել նաեւ դրան։ Ներքին ու արտաքին համակեցության քաղաքակիրթ ու լեգալ մեխանիզմները տապալած Կրեմլի վարչակարգին այլ ճանապարհ չի մնացել։

Իրականում, Ռուսաստանը փլուզելու կարիք ԱՄՆ-ն ու Արեւմուտքը չունեն։ Կրեմլի վարչակարգն ինքն անում է այդ գործը, հատկապես՝ հակաարեւմտյան իր կուրսով։ Ավելին, ԱՄՆ-ն ու Չինաստանը Ռուսաստանը պետություն չեն համարում, այլ մարգինալ ինչ որ կազմավորում միջուկային ռումբով։ Հենց այս ձեւակերպման վրա է կառուցվում նրանց քաղաքականությունը ՌԴ հանդեպ։ Ռուսական Հեռավոր Արեւելքը գրեթե Չինաստան է՝ տնտեսական ու ժողովրդագրական առումով, ինչը 2022-ին կարող է ամրագրվել նաեւ պայմանագրով։ Փորձագետները դրանով են պայմանավորում Պուտինի այցը Հնդկաստան, փորձ՝ «զսպելու» Չինաստանին, ինչը չի հաջողվել։

Ինչ վերաբերում է Հյուսիսային Կովկասին եւ ՌԴ թյուրքական շրջաններին, Հայաստանի դեմ ագրեսիայով Մոսկվան բացել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ճանապարհը։ Ռուսաստանը թյուրքական աշխարհի բնական անդամ է, Սոչիում եռակողմ հանդիպումից հետո արձանագրել է պաշտոնական Անկարան։

Տես նաեւ այստեղ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.