Թույլ չտալ, որ Աջափնյակ-2 տեղի կունենա, իսկ եթե տեղի ունենա, պետք է ուղղակի տրակտորը դնել ու կասեցնել․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ ինքնակամ շինությունների գործընթացը տարիներ շարունակ բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքներում աղճատվել է քաղաքաշինական պատկերը, և անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել։

«Եվ հիմա այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցները այլևս չեն օրինականացվելու։ Բայց քանի որ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված ինքնակամ շինությունները, քաղաքացիները և իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն, և քանդվի ամբողջը, կա մի հստակ մեխանիզմ, որով նախատեսված է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները»,- ասաց նախարարը։

Ըստ Անդրեասյանի՝ ըստ այդ մեխանիզմի՝ հատկապես արագ գործողություններ պետք է ձեռնարկեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021 թվականի հունվարի մեկից սկսած մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի իրենք Կադաստրի կոմիտեում հաշվառվեն։ Դրանից հետո արդեն Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամների համար տրված է ժամկետ մինչև 2023 թվականի հունվարի մեկը, որպեսզի ներկայացվեն և հաշվառվեն։ Այն համայնքներում, որտեղ կան քաղաքային բնակավայրեր, մինչև 2024 թվականն է ժամկետ տրված։ Եվ գյուղական բնակավայրերի համար ժամկետ է տրված մինչև 2025 թվականի հունվարի մեկը։

«Այս գործընթացի մեջ շատ կարևոր են մի շարք հանգամանքներ, այսուհետ շատ ավելի խիստ պատիժներ և սանկցիաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրականացնի տեսչական մարմինների պահանջները՝ կանգնեցնելու, կասեցնելու այդ ապօրինի շինարարությունները, չեն ապամոնտաժի և չեն ազատի համայնքային և պետական հողերը այդպիսի զավթումներից։ Նաև հստակ մի նոր կարգավորում կա, որ եթե ժամանակին ապօրինի շինարարությունների դեպքում դատարան վիճարկելը ավտոմատ կասեցվում էր վարչական մարմնի գործողությունները, ապա այս դեպքում արդեն դա ավոտմատ չի լինելու, և միայն դատարանի հատուկ որոշումով կարող է կասեցվել վարչարարությունը։ Այս օրենսդրական փաթեթում հստակ ապահովված է մեր քաղաքացիների համար իրենց նախկինում արված շինարարությունների պաշտպանությունը, եթե նրանք ձեռնարկեն համապատասխան միջոցներ։ Հակառակ դեպքում օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ գիծը քաշվելու է, և այլևս ոչ մի ապօրինի շինություն չի օրինականացվելու։ Իսկ ժամկետներն էլ բավարար են, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները չտուժեն»,- ասաց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ հնարավորություն է տալու օրինականցնել բոլոր այն ինքնակամ շինությունները, որոնք կառուցվել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Հիմա այս հայտարարությունն արեցինք, որոշ տեղերում որոշ մարդիկ բահերը վերցրել են, դուք մոռացե՞լ եք ընտրությունների գիշերն ինչ էր տեղի ունեցել Երևանում։ Ես համաձայն չեմ այդ մոտեցման հետ, մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսը խանութ էին սարքել։ Հետո ինձնից ինչքան ջանք պահանջվեց, որպեսզի ուժային ձևով լուծենք։ Այդպես չի լինի, ամբողջ խնիդրն այն է, որ մենք պետք է հետին թիվ ֆիքսենք, որպեսզի մարդկանց մոտիվացիա չտանք։ Հիմա ձեր հայտարարությունիեց հետո մի քիչ էլ լոբինգ կանեն, օրենքի ընդունումը կձգվի, կդիմեն ՍԴ, մի երեք ամիս էլ այդտեղ կգնա, Հայաստանի կեսը կլինի ապօրինի շինարարություն։ Սխալ մոտեցում է։ Մենք հիմա մի հատ մեծ խթան ենք տալիս, որ բոլորն ամեն ինչ թողնեն, գնան ապօրինի շինարարություն անեն, սենց բան ո՞նց կարելի է անել»։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց, որ այսօր տվյալների մշակման փուլ է։ «Եվ ըստ էության մենք կարող ենք ֆիքսել, որ 2021 թվականին ամբողջ հանրապետության տարածքը նկարահանված է։ Եվ երբ մենք ասում ենք, որ 2021 թվականի հունվարի մեկից հետո կառուցվածների դեպքում պետք է մինչև երկու ամսվա ընթացքում ներկայանան Կադաստրի կոմիտե հաշվառման, մենք հենց փակում ենք նաև ժամանակագրական շարքը, որովհետև օրտոֆոտոյի վրա մենք կարող ենք տեսնել մինչև 2021 թվականը կառուցված բոլոր ինքնակամները։ Այսինքն՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված բոլոր ինքնակամ շինություններն առկա են օդային նկարների վրա, իսկ 2021 թվականին կառուցված ինքնակամ շինությունները պետք է ներկայացվեն հատուկ հաշվառման, որով մենք ընդհանուր առմամբ փակելու ենք ՀՀ-ում ինքնակամ շինությունների առկայությունը»,- ասաց Թովմասյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է արագացված կարգով օրենքն ընդունվի, այս ընթաքում էլ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի վարչական խիստ միջոցներով կանխվի ապօրինի շինարարությունների կառուցման «բռնկումը»։ «Եկեք օպերատիվ շտաբ ձևավորենք, որ ամենօրյա ռեժիմով բոլոր համայնքներից տեղեկություն ստանանք։ Եվ ոստիկանությունն ու ՏԻՄ-երին էլ քաջալերենք, որպեսզի թույլ չտան, որ Աջափնյակ-2 տեղի կունենա, իսկ եթե տեղի ունենա, պետք է ուղղակի տրակտորը դնել ու կասեցնել»,- հավելեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.