Ալենի գլխին կարմիր բանտիկ կկապեմ ու կտանեմ նվեր. անհետ կորածի հարազատ

Պետք է վերջապես հայ ազգը պայքարի իր ճշտի, արժանապատվության ու ազգային արժեքների համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ի մոտ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:

«Այսօր ամենալկտի ձեւով անարգվում են մեր ազգային արժեքները: Ինձ պաշտոն պետք չի, թող մեր երեխքը տուն գան, դուք մնացեք Ազգային ժողովում: Մեզ մեր երեխեն ա խպետք, որին արդեն Ալեն Սիմոնյանը մեսիջ արեց թուրքին, ասեց՝ մենք գերի չունենք: Սպանեք, վերացրե՞ք մեր երեխքին, է՞դ ա ասում: Ինքը դարձավ զակաազչիկ, Ադրբեջանին զակազ է տալիս, ասում է՝ էդ երեխեիքն փրթի: Նվեր ա տալիս իմ երեխուն թուրքի՞ն: Մի հատ սիրուն կարմիր բանտիկ կկապեմ գլխին ու կտանեմ նվեր»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին  «Դեժավյու» տելեգր ամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի եւ շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.

«Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան: Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել եւ փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել եւ փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետեւ նախ ծնողներին կվիրավորեմ եւ այլն, եւ այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.