«Նյութը մոնտաժված է...»․ Ալեն Սիմոնյանը՝ իր սկանդալային խոսքերի մասին

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյաննն անդրադարձավ գերեվարված զինծառայողների վերաբերյալ իր հայտարարություններին։

Իր մասնակցությամբ հրապարակված տեսանյութին անդրադառնալով՝ նա ասաց․ «Նյութը մոնտաժված է, խոսքը գնում է բանակցությունների մասին, տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին։ Ես շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են աջակից, գալիս խնդրում են ու ասում՝ կարո՞ղ ենք ձեզ մի քանի հարց տալ, ես իրենց հարցերին եմ պատասխանում, այդպես են վարվում։ Ընթացքում մի աղջիկ կար, որի անունը Հասմիկ էր, հեռախոսը պահել էր։ Ասացի՝ խնդրում եմ, չնկարահանես, որովհետև մենք զրույցի ենք բռնվել, որը չեմ ուզում հրապարակայնացնել։ Ես չեմ ուզում բնութագրել, թե դա ինչ է»։

«Այն մարդիկ, ովքեր չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, չեն պահել իրենց դիրքը և զենքը վայր են դրել ու հանձնվել են գերի․․․ Ես տեսնում եմ նաև Ֆեյսբուքում հաճախ այդ հերոս բառը բավական արժեզրկվել է՝ բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով։ Հայաստանի Հանրապետության բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք սրտի, կան նաև զինվորներ ու սպաներ, որոնք իրենց պարտականությունները չեն կատարել և հայտնվել են գերության մեջ»,- ասաց նա։

Հարցին, որ ինչո՞ւ է իրավապահների գործառույթն իր վրա վերցնում ու նման հայտարարություններ անում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես կանխակալ վերաբերմունք չեմ ձևավորում, ասում եմ, որ ՀՀ օրենքը, ինչպես նաև վարչապետն է դրա մասին խոսել Ազգային ժողովի ամբիոնից, Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ նման դեպքերում պետք է պատասխանատվություն կրեն։ Եվ այդ պատասխանատվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, որոնք օրենք են խախտել և ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել»։

Ըստ Սիմոնյանի՝ ՀՀ զորքը, որը կանգնած է սահմանին և պահում է սահմանը, կրակելու հրամանն ինքնին ունի․ «Եթե դուք չկրակելու տեղեկություն ունեք, ուրեմն այն հրամանատարը, որը տենց հրաման է տվել, նույնպես ենթարկվելու է քրեական պատասխանատվության։ Չկրակելու որևիցե հրաման չի եղել ու չի կարող լինել։ Որևիցե տեղ չկա, որ մեր զինվորները չեն ունենում զենք, չեն ունենում անհրաժեշտ պարագաները»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.