«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է 2,5 տարեկան երեխա. Ի՞նչն է եղել պատճառը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են.

«Shamshyan.com կայքում լուր է հրապարակվել՝ «Ողբերգական դեպք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. 2-ամյա մահացած տղայի տատն ու հայրն ասում են. «Բարի լուրի փոխարեն մեզ ասեցին՝ երեխան մահացել է»» վերնագրով։

Նյութը միակողմանի է և չի արտահայտում իրականությունը։ Դեպքի հետ կապված անհրաժեշտ ենք համարում տալ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

Նոյեմբերի 30-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է 2,5 տարեկան տղա երեխա, ով նախկինում տասնյակ անգամներ բուժում է ստացել մեզ մոտ:

Կենտրոն է ընդունվել 4 օր առաջ՝ ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ֆիզիկական և մտավոր զարգացման խորը հապաղում, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի, իմունոդեֆիցիտային վիճակ: 40% քաշի դեֆիցիտ, ցնցումային համախտանիշ, նյութափոխանակային խորը խանգարումներ, պոչուկային շրջանում մեծ պարկելախոց, որը հետևանք է ոչ ճիշտ և լիարժեք խնամքի:

Երեխային տեսակցելու համար հիվանդանոց եկել է միայն տատիկը, ով ամեն օր շփվել է բաժնի վարիչի և բժիշկների հետ, ում բազմիցս բացատրվել է երեխայի վիճակի ծանրության աստիճանի մասին, որ երեխայի հիվանդությունները ծանր են և անբուժելի։ Ծնողները 4 օրերի ընթացքում երեխային չեն այցելել։

Ամբողջ ընթացքում երեխան վերակենդանացման բաժանմունքում ստացել է ինտենսիվ բուժում՝ հակաբակտերիալ թերապիա, արյան փոխներարկում, թթվածնաբուժություն, ինֆուզիոն թերապիա։ Բուժման ֆոնին վիճակը կայունացնել հնարավոր չի եղել, 4 օր անց երեխան մահացել է։

Հայրը մահվան մասին տեղեկանալուց հետո ներխուժել է վերակենդանացման բաժանմունք, դրսևորել է ագրեսիվ վարք, հնչեցրել է սպառնալիքներ։ Բժշկական անձնակազմի և բուժվող երեխաների անվտանգության պահպանման նկատառումներով հրավիրվել է ոստիկանություն»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.