Հաջորդ տարվա հունվարի մեկից հանրային սննդի վայրեր և մշակութային հաստատություններ այցելելու դեպքում քաղաքացիները պետք է կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք ներկայացնեն, կամ պատվաստված լինեն։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այդ հարցերը ոչ միայն քննարկվում են, այլ նաև նախագծի տեսք ունեն և այս ընթացքում շրջանառվում են։ Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել ՊՇՌ բացասական թեստի արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։ Մենք հասկանում ենք, որ, այո, այս սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների դիմել», ասաց նա։