Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված համավարակային իրավիճակին։ «Բարեբախտաբար մենք թվերի էական ու լուրջ անկում ունենք։ Եվ հիմա արդեն առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին։ Ինչո՞ւ և ինչպե՞ս պատահեց, որ թվերն սկսեցին նվազել։ Իմ դիտարկումը միանշանակ է՝ նախ դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղաց։ Բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ երբ մեր երկու լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն։ Եվ այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 հազարի շեմը, ինչը շատ լավ նորություն է, բայց սա որևէ կերպ չպետք է մեր զգոնությունը թուլացնի, որովհետև վիրուսն անընդհատ մուտացիաների է ենթարկվում։ Նաև ամենասկզբում պատվաստված քաղաքացիներին վերապատվաստելու հարցում մենք պետք է մոտեցումներ ու որոշումներ կայացնենք՝ ԱՀԿ ռեկոմենդացիների շրջանակներում»,- ասաց Փաշինյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մահվան թվերը նվազում են ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետո, որովհետև դեռ կան ծանր ընթացքով պացինետներ։ «Ընդհանուր առմամբ իրականացվել է 1 մլն 168 501 պատվաստում, և բարդության որևէ հիշատակման արժանի դեպք չի գրանցվել։ Մենք հստակ մոնիտորինգ ենք իրականացնում, ջերմության և այլ դեպքեր են գրանցվում, դա նշանակում է, որ պատվաստանյութն ազդում է, հակամարմինները ձևավորվում են»,- ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ արդեն իրականացվում է այն քաղաքացիների վերապատվաստումը, ում պատվաստման 6 ամիսը լրացել է։ Արդեն մշակվել է, 1-2 օրվա ընթացքում կմշակվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ վերապատվաստումները։ Քաղաքացիները կարող են ստանալ իրենց նախընտրած պատվաստանյութը։ Ըստ Ավանեսյանի՝ հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից ընդանեը 114-ն են, որ պատվաստված են։ Սա շատ լավ ցուցանիշ է հանդիսանում։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ անգամ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատվաստումների ազդեցությանը վերարտադրողական առողջության վրա։ «Ի վերջո այդ բամբասանքները միջազգայնորեն փարատվեցի՞ն, հետազոտություններ արվեցի՞ն»,- հարցրեց նա։
Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Դրանք ապատեղեկատվական մանիպուլյատիվ բամբասանքներ են, և Մեծ Բրիտանիայում իրականացված մեծաթիվ վիճակագրական տվյալների հիմքով հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա։ Այլ հակառակը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Covid-19 վարակը և դրա ընթացքը կարող է բացասաբար ազդել, այդ թվում՝ վերարտադրողական առողջության վրա։ Այսինքն՝ ճիշտ հակառակ փաստված իրականությունն ունենք»։