Ինչ իրավիճակ է այս պահին Շիկահողում. նախկին ղեկավար

Լragir.am-ը գրում է.  Մեր զրուցակիցն է Շիկահող համայնքի նախկին ղեկավար Նարե Ղազարյանը

Տիկին Ղազարյան, ի՞նչ վիճակ է հիմա Շիկահողում, խնդիրներ առաջացե՞լ են կողմից մաքսակետեր դնելուց հետո:

Ներկա պահին կառուցապատվում է մեր այլընտրանքային ճանապարհը: Ունենք ճանապարհ, բայց ոչ բարվոք վիճակում է: Հիմա մեծ տեխնիկա է այնտեղ աշխատում, որ հնարավորինս արագ ճանապարհը բերեն նորմալ վիճակի: Ներկա պահին այդ ճանապարհն անցանելի է միայն ամենագնաց մեքենաների համար: Գյուղում իհարկե խնդիրներ առաջացել են, եղել է տրանսպորտի խնդիր, վառելիքի խնդիր, որը լուծվել է գերատեսչական աշխատանքային խմբի կողմից՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի միջոցով: Գյուղում ունենք թոնրատուն, որը մշտական մատակարարում է հացով, և մինչ այս պահը հացի հետ կապված խնդիր չի առաջացել: Դեղորայքի, շտապօգնության հետ կապված հարցերը նույնպես լուծվել են Ռոբերտ Ղուկասյանի միջոցով: 5 գյուղերում ունենք առկա շտապօգնության մեքենա, որը անհրաժեշտության դեպքում կարող է արձագանքել:

Մարդկանց մոտ տրամադրության անկում, հիասթափություն կա՞ այս իրավիճակի հետ կապված:

Այնպես չի, որ մարդիկ ուրախ են ստեղծված իրավիճակի համար, բայց միանշանակ այնպես էլ չէ, որ ասեմ՝ խուճապահար են, ծայրահեղ ծանր վիճակ է: Երբեմն այդպես են ներկայացնում, բայց պետք չի այդպես անել: Առանց այն էլ մի լավ օրի չեն երկրի սահմանները, մի հատ էլ ներսից են խառնում իրար: Մարդիկ նորմալ առօրյա կյանքով ապրում են, փորձում են առայժմ եղածով բավարարվել, մինչև ամեն ինչ իր հունի մեջ ընկնի:

Շիկահողից Կապան հասնելու համար որքան է ճանապարհը երկարել:

Եթե այլընտրանքային ճանապարհը սկսի գործել, ապա ճանապարհի երկարությունը նույնն է մնալու: Իհարկե, կա նաև Մեղրիով ճանապարհը, որը 150 կմ է, բայց եթե օգտվում ենք Շիկահողի այլընտրանքային ճանապարհից, որը ներկա պահին բարեկարգվում է, 6,5 կմ է: Նախկին ճանապարհը նույնպես 6,5 կմ էր: Հիմա պետք է հասցնեն մինչև ձմեռ բարեկարգեն այդ այլընտրանքային ճանապարհը:

Քանի՞ բնակիչ ունի Շիկահողը և կա՞ արդյոք արտագաղթ:

Այս պահին Շիկահողն ունի 54 տնտեսություն, մոտ 134 բնակիչ: Ընդհանուր տարածաշրջանում կլինի մոտ 600-700 բնակիչ՝ բոլոր գյուղերն իրար հետ: Շատ ժամանակ որ գրում են՝ գյուղերը շրջափակման մեջ են, դա մի քիչ չափազանցված է: Ճիշտ է, երկար է ճանապարհը, բայց ամեն դեպքում ունենք այլընտրանքային ճանապարհ: Շրջափակման մեջ կլինեինք, եթե ընդհանրապես ոչ մի տեղով ճանապարհ չունենայինք, բայց հիմա ունենք երկու ճանապարհ, որից մեկը անբարեկարգ է, մյուսը շատ երկար: Այո, ներկա պահին երկուսն էլ այնքան էլ պիտանի չեն, բայց այնպես էլ չէ, որ ասեմ՝ շրջափակված ենք, մարդիկ մտածում են գյուղից հեռանալու մասին: Ոչ ոք դրա մասին չի մտածում, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ եթե ներկա պահին մի քիչ էլ մենք սրենք ներքաղաքական վիճակը, պատկերացրեք, թե դա թշնամու համար ինչ առիթ է: Դա մեզ ընդհանրապես պետք չի, մեզ հիմա ճիշտ հակառակն է պետք: Իրենք ինչի՞ են մեր ճանապարհը փակել, փակել են, որ մենք լարվենք, բողոքենք, չգիտեմ ինչեր կատարվեն, որ իրենք առիթից օգտվեն և իրենց նպատակին ավելի շուտ հասնեն: Մեր գյուղացին այնքան գրագետ ու կիրթ է, որ այդ ամեն ինչը հասկանալով երբեք չի գնա ներքին ցնցումների, որպեսզի երկրի վիճակն ավելի չվատացնի:

Դուք երբվանից այլևս Շիկահող համայնքի ղեկավարը չեք:

Սեպտեմբերին եմ դուրս եկել, ներկա պահին չունենք պաշտոնակատար, հուսով եմ՝ համայնքապետարանը կնշանակի և ամեն ինչ իր հունով կգնա: Չգիտեմ՝ քաղաքականությունից դուրս կգամ, թե ոչ, բայց ներկա պահին վարչական ղեկավար չեմ ուզում լինել:

Հիասթափվա՞ծ եք:

Ոչ, հիասթափված չեմ, ուղղակի անձնական խնդիրների պատճառով դուրս եկա, ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա: Անձնական որոշում է եղել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.