Այսօր՝ զոհված զինվորը Ալագյազ համայնքից էր․ Նոր մանրամասներ

Թշնամու կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Սուրեն Յուրիկի Սաֆարյանը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր։ 19-ամյա զինծառայողը բանակ զորակոչվել էր նախորդ տարի։ Ազգությամբ եզդի էր։ Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ադրբեջանական կրակոցից զոհված զինծառայողը իրենց համայնքից էր։ «Ապրում էր ծնողների հետ, ուներ երեք եղբայր, երկու քույր»,- ասաց գյուղապետը, հավելելով, որ Սաֆարյանների ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Գյուղապետն ասաց, որ քիչ առաջ ընտանիքին տեղյակ են պահել իրենց որդու զոհվելու լուրը։ «Բառերով նկարագրել հնարավոր չէ, թե ինչ է կատարվում»,- ասաց համայնքապետը։

Նշենք, որ զոհված զինծառայող Սուրեն Սաֆարյանը ընտանիքի կրտսեր զավակն էր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.