ՌԴ-ում վթարի ժամանակ մեքենայից տղամարդու դի է ընկել․ սպանվածը հայ է

Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, ինչից հետո բեռնախցիկից ճանապարհի վրա է ընկել տղամարդու մարմինը՝ կտրած կոկորդով: Մեքենայում գտնվողները փախուստի են դիմել, հայտնում է 78.ru-ն՝ իրավապահ մարմիններում աղբյուրին հղումով:

 

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 4:10-ի սահմաններում։ Mitsubishi Galant ավտոմեքենան, որից վայր է ընկել մահացած տղամարդը, պատկանում է Օրենբուրգի մարզի 57-ամյա բնակչին։

Ականատեսների խոսքով ՝ վթարից հետո մեքենայից մի քանի մարդ է դուրս եկել և փախուստի դիմել։

Ավելի ուշ, դեպքի վայրի զննությամբ, ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են երկու բահ, ճոպան և պարկեր: Դատելով ամենից ՝ չարագործները տանում էին դիակը թաղելու։

Կասկածյալներին փնտրում են։

Ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, սպանվածը Երևանի բնակիչ 50-ամյա Ա․Ղ․-ն է, որը 1996-ից բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Նախնական տվյալներով ՝ նա ունեցել է անվադողային բիզնես։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.shantnews.am