Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ։ Այս պահին նշած հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Պարեկները սահմանազատել են տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի գնդի պարեկները տաք հետքերով պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևանի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Պ-ն էր։