Դեպքի վայրից հայտնաբերվել և վերցվել է 6 հատ դանակ. հայտնի է սպանվածի ինքնությունը

Այսօր՝ նոյեմբերի 8-ին,  սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ»  թաղամասի (ժողովրդին հայտնի  4-րդ գյուղ) Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը: 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է 2021թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, որով քաղաքացին տեղեկացրել է իրենց տան վրա դանակով հարձակման մասին:

Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել է Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի դիակը՝ գլխի և մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի վայրից հայտնաբերվել և վերցվել է 6 հատ դանակ՝ արնանման հետքերով:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից մեկը տուժողի ընկերուհին է, մյուս երկուսը՝ վերջինիս մայրն ու եղբայրը:

Նշված երեք անձինք ձերբակալվել են՝ հիշյալ 36-ամյա տղամարդուն խմբի կողմից դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.