Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Լևոն Լազարյանը իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպե դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է
վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Հովսեփ Գյուրջյանն ու տեսուչ Ռաֆայել Վարդազարյանը, ովքեր դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի
հետաքրքրասեր քաղաքացիները խցանում չառաջացնեն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը: Օպերատիվորեն
ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի և Ոստիկանության զորքերի ծառայողները, ովքեր ՃՈ աշխատակիցներին օգնում են նշված հատվածում ծառայություն կատարելու գործում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում կա ստորգետնյա անցում և հետիոտնը եթե անցներ հետիոտնի համար նախատեսված վայրով, ապա վրաերթի չէր ենթարկվի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com