Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 18/1 տանը ծուխ է նկատվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ արձագանքման խումբը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Արայիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ՝ խոհանոցում, բազմոցի վրա, հայտնաբերել են միայնակ բնակվող 83-ամյա
Մարգարիտա Մարգարյանի կիսաայրված դին։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Երևան Գազ»-ի աշխատակիցները՝ տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն քրեագետն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան
քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական ներքնակը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com