Մահացել է ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, 2005-2013 թթ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Փաստաբան Երվան Վարոսյանն է այդ մասին գրառում կատարել.

«Ռուբեն Արամիչ, մեր ուսուցիչ, մեր մեծ եղբայր, հանգչիր խաղաղությամբ։

Դու մեծատառով մարդ էիր, քո նմաններն էլ չկան։ Ամբողջ կյանքդ տղամարդ ապրեցիր, ոչ մի սիզբունք չդավաճանեցիր, ոչ մի դժվարության առաջ չկանգնեցիր, պայքարեցիր ու կռվեցիր քո, մեր երազած երկրի համար։ Հայաստանին նվիրեցիր փաստաբանություն, նվիրեցիր իրական փաստաբաններ, քեզ նվիրեցիր Հայաստանին ու չդիմացար Հայաստանի կորստին։

Ինչքան կանք, ինչքան աշխատում ենք, պայքարում ու կռվում ենք, դու ողջ ես, դու մեր հետ ես, քո գործն ապրում է, քո փարոսը միշտ վառ է»։

Նշենք, որ Ռուբեն Սահակյանը «Գոլոս Արմենիի» խմբագիր Ֆլորա Նախշքարյանի ամուսինն է: Բազմաթիվ քրեական գործերի դատաքննությանն է մասնակցել, այդ թվոմ Հոկտեմբերի 27-ի դատավարությանը:

Փաստաբանների մի մեծ խումբ նրան համարում էր իր ուսուցիչն ու փորձում էր նմանվել նրան:

Նա նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից էր մեծ վստահություն վայելում և նրա պաշտպանական թիմի անդամն էր վերջին տարիներին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.